News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանը եւ վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանը հակառակորդի գնդակից չեն տուժել, այլ նրանց միջեւ աղջկա պատճառով վիճաբանություն է ծագել, ինչն էլ հանգեցրել է նման հետեւանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեցին Զորիկ Մարգարյանի հարեւանները: «Դեռեւս պաշտոնական վարկած չկա, բայց խոսակցություններով, ինչ-որ աղջկա համար են տղաներն իրար վրա կրակել»,- պատմեցին հարեւանները:

«Իրենք երկուսն էլ Արաբկիրից են եւ իրար մեջ հաշիվ են ունեցել աղջկա հետ կապված: Այդ օրն էլ աղջկա հետ կապված պատմություն է եղել, ինչը նման զարգացում է  ունեցել: Ավելին` Զորիկի մահվան հաջորդ օրն այդ աղջիկները` մի քանի հոգով, երեկոյան եկել էին մեր բակ ու «ռազբոռկեք» էին անում»,- պատմեցին հարեւանները եւ նշեցին, որ նրանք հիմնականում ցանկացել են Զորիկի ընկերների հետ խոսել: Հարեւանների ներկայացմամբ, մահացածի ընտանիքը խեղճ պայմաններում ապրող, սոցիալապես անապահով ընտանիք է: Մայրը հաշմանդամ է, հայրն էլ` գործազուրկ: Հարեւանները մտահոգություն ունեն, որ օգտվելով Զորիկ Մարգարյանի ընտանիքի սոցիալական կարգավիճակից, գործը կկոծկեն, հակառակ դեպքում ահազանգում են, թե ինչու ՊՆ-ն մինչ օրս պաշտոնապես չի ասում, թե որն է եղել միջադեպի պատճառը կամ չի ասում տղաները տուժել են հակառակորդի՞ գնդակից, թե` ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» զորամասում հրազենային վնասվածքից մահացած 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մարգարյանի եւ վիրավորված 22-ամյա Կարեն Մովսիսյանի գործով դեռեւս ձերբակալվածներ չկան: Նաեւ դեռ հայտնի չէ, թե մահացած եւ վիրավորված զինվորները տուժել են հակառակորդի՞ գնդակից, թե՞ զորամասի ծառայողների: Այս մասին NEWS.am-ի -ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Ապրիլի 23-ի դրությամբ եւս  սույն գործով տեղեկություններ չկային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Լենտուշ  Գրիգորյանը, ով Բագրատաշեն գյուղի բնակիչ է, սակայն Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը: Այդուհանդերձ, NEWS.am-ը զրուցել էր նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի գյուղապետ Արկադի Մակյանի հետ, ով ասել էր, որ Լենտուշ Գրիգորյանը ճիշտ է իրենց գյուղից է, բայց տեղեկություններ չունի վերջինս ձերբակալված է, թե` ոչ:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ ասել էր, որ դեռ իրենք էլ չգիտեն, թե զինվորն սպանվել է հակառակորդի՞ գնդակից, թե` զորամասի ծառայողների: «Մեհրաբներ» զորամասի գնդի հրամանատար Սեյրան Ղազարյանն էլ հրաժարվել էր պատասխանել հարցերին, պատճառով, թե ինքը լիազորված չէ նման տեղեկություններ տրամադրել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը, ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ  զինվորների մահվան ստույգ պատճառը: NEWS.am-ը -ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը նշել էր, որ, ըստ իրեն հասած տեղեկատվության, դեպքը տեղի է ունեցել հակառակորդի արձակած կրակոցներից: Գյուղապետի փոխանցմամբ` դեպքից հետո 1.5-2 ժամ գյուղի տարածքում կրակոցներ են լսվել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ