News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում զգալի առաջընթաց կա: Այս մասին, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային փոքրամասնություններին միավորող «Հայասա» երիտասարդական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուրեն Մկրտչյանը:

Նրա խոսքով, կազմակերպությունը միջազգային ասպարեզում միջոցառումներ է կազմակերպում, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարին, եւ այսօրվա դրությամբ կան որոշակի արդյունքներ:

«Մասնավորապես, դա կարելի է ասել թուրքերի, ադրբեջանցիների մասին: Այսօր թուրք եւ ադրբեջանցի երիտասարդության ավելի շատ տոկոսն է ցեղասպանության խնդրին սթափ նայում, ընդունելով պատմական փաստը: Մեր դիտարկումների արդյունքներով կարելի է ասել, որ պատմական փաստի ժխտման գործոնը գնալով թուլանում է, անցում կատարելով չճանաչման քաղաքական հարթություն»,-նկատել է զրուցակիցը:

Մկրտչյանի ներկայացմամբ, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է եւ կոնկրետ արդյունքներ տալիս:

Պատասխանելով հարցին, թե որքանով են Հայաստանի ազգային փոքրամասնություններն աջակցում հայերին Ցեղասպանության ճանաչման հարցում, Մկրտչյանը նշել է. «Այդ հարցն արդիական է այն ազգային փոքրամասնությունների դեպքում, որոնց պետական կազմավորումները դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, օրինակ հրեաները: Սակայն Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները մեծ մասամբ իրենց ասոցացնում են հենց Հայաստանի հետ: Նրանք պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ