Քանի դեռ Ադրբեջանը վստահ չէ իր հաղթանակում, կբավարարվի սադրիչ գործողություններով` չդիմելով իրական ռազմական գործողությունների: Նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան ազատամարտի վետերան Մանվել Եղիազարյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կողմից հայկական Դովեղ գյուղի գնդակոծման փաստը:
Նրա խոսքով` թշնամական գործողություններին դիմակայելու համար հայ ժողովրդին ընդհանրապես եւ քաղաքական գործիչներին մասնավորապես անհրաժեշտ է համախմբավածություն դրսեւորել: «Ադրբեջանը ամենեւին վստահ չէ, որ ռազմական գործողությունների դեպքում կարող է հաղթող դուրս գալ: Եթե նա վստահ լիներ այդ հարցում` վաղուց կփորձեր ռեւանշի հասնել: Սակայն վստահեցնում եմ` հաղթանակ նա չի կարող տեսնել»,-ընդգծեց Մանվել Եղիազարյանը:
Նախօրեին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական Դովեղ գյուղը: Թիրախ էին ընտրվել դպրոցն ու մանկապարտեզը: