News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը լինելու է Հայաստանում առաջին բետոնածածկ մայրուղին` 550 կմ երկարությամբ: Այդ մասին այսօր` ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` իսպանական Corsan Corviam Construccion S.A  ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիա Մարտինի հետ մայրուղու կառուցման պայմանագիրը ստորագրելուց հետո հրավիրած ճեպազրույցում: Նրա խոսքով, Հյուսիս-հարավը լինելու է 100 կմ/ժամ արագությամբ եւ 4 երթեւեկելի գոտիներով մայրուղի:

Երեւան-Արարատ եւ Երեւան-Աշտարակ հատվածները կկառուցվեն 18 ամսվա ընթացքում, իսկ Աշտարակ-Թալինը` 36 ամսում: Մայրուղին ձգվելու է հայ-իրանական սահմանից մինչեւ հայ-վրացական սահմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունը լիազորել է տրանսպորտի եւ կապի նախարարությանը` 250 մլն դոլարի պայմանագիր կնքել Corsan Corviam Construccion S.A-ի հետ:

Նախագիծն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, որի հետ ՀՀ կառավարությունը դեռեւս 2009 թ. կնքել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր: Համաձայնագրի ընդհանուր արժեքը 962 մլն դոլար է, որից 500 մլն դոլարը տրամադրելու է ԱԶԲ-ն, մնացածը` համաֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: Առայժմ ԱԶԲ-ն հատկացրել է 2 տրանշ` 230 մլն դոլար ընդհանուր արժեքով:  Ըստ ԱԶԲ ներկայացուցիչ Դեվիդ Դոուլի` սա այդ բանկի խոշորագույն ծրագրերից է;

Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանսիսկո Գարսիա Մարտինը հայ լրագրողներին ասաց, որ աշխատում են աշխարհի 25 երկրներում` Հնդկաստանում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Իսպանիայում: Հայաստանի ծրագիրը չափազանց կարեւորում են եւ համարում են լորջ մարտահրավեր:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի տեղեկացմամբ` յուրաքանչյուր 1 կմ ճանապարհատվածի բարեկարգման կամ ընդլայնման միջին արժեքը 2.7 մլն դոլար է, որը ներառում է նաեւ կամուջները, ստորգետնյա անցուղիները, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Ի դեպ` ստորգետնյա անցումներ կստեղծվեն նաեւ անասունների անվտանգ անցման համար: Աշխատանքները կսկսեն 2-3 շաբաթ հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ