News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` ապրիլի 30-ին, կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պրոբացիայի միջազգային չափորոշիչները, ինչպես նաեւ ԵԱՀԿ այլ երկրների լավագույն փորձը: 

Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ` վերջինիս Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել միջազգային չափորոշիչները` օգնելու ուրվագծել պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տեսլականը Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության կառուցվածքի վերաբերյալ:

«Պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ծրագրի ցանկում: Հավատացած ենք, որ այս կարեւոր մարմինը կնպաստի քրեակատարողական ծառայության վերականգնողական եւ հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ջանքերին», նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Պրոբացիայի եվրոպական կազմակերպության նախագահ Մարկ Սերոնը, ով հանդես էր եկել որպես հիմնական զեկուցող, ներկայացրել է պրոբացիայի եվրոպական ծառայության համակարգերի զարգացումը եւ պրոբացիոն աշխատանքի հիմնական սկզբունքներն ու վարքականոնը: Նա նաեւ անդրադարձել է պրոբացիայի եվրոպական մոդելի օրենսդրական հիմքերին եւ պրոբացիոն ծառայության համակարգերի կազմակերպման հարցերին: 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելել է. «Պրոբացիայի բացակայությամբ չեն կարող պատշաճ գործել ո´չ քրեակատարողական հիմնարկները, ո´չ պայմանական վաղաժամկետ ազատման եւ ո´չ էլ այլընտրանքային պատիժների համակարգերը։ Հայաստանը բավականին ուշացել է այս ծառայության ներդրման հարցում, սակայն մենք հուսով ենք, որ աշխարհի առաջատար մասնագետների ներգրավումը թույլ կտա հնարավորինս կարճ ժամանակահատվածում կողմնորոշվել Հայաստանի քրեկան արդարադատության համակարգի համար առավել արդյունավետ մոդելի ընտրության հարցում եւ ձեռնամուխ լինել դրա ներդրմանը»։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Նախարարության քրեակատարողական վարչության, Իրավաբանական դպրոցի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ թեմայով հետաքրքրվող գիտահետազոտական շրջանների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ