News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ներկայացուցիչներն, այսօր` ապրիլի 30-ին, այցելել են օրերս Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակահերթի տակ հայտնված Տավուշի մարզի Դովեղ գյուղ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժի Աբերլեն զննել են մանկապարտեզի տարածքը, որը հակառակորդի հիմնկանա թիրախն է եղել, ինչպես նաեւ «ԳԱԶ-53» բեռնատարը, որը եւս կրակի տակ էր հայտնվել:

ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ լրագրողների հետ զրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը հայտնել է, որ կրակահերթը տեւել է մոտ 40 րոպե եւ, ըստ էության, աննախադեպ է եղել: «Նախկին էլ են երբեկն կրակել, բայց առաջին անգամ է, որ այսքան թիրախավորված է եւ երկար տեւեց»,-ասաց նա, հավելելով, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել մանկապարտեզի ուղղությամբ, որտեղ այդ պահին մոտ 15 երեխա է եղել, նրանք անմիջապես տարհանվել են: Մինչ օրս, ըստ գյուղապետի, ծնողների մի մասը վախենում է երեխաներին մանկապարտեզ տանել:

Սամվել Գորգինյանը նշել է, որ կրակահերթից հետո դժվարություններ ունեն գյուղի հողամասերում աշխատանքների հետ կապված: «Նախկինում նման բան չի եղել, ողջ ընտանիքը մասնակցել է հողի մշակմանը: Հիմա, բոլոր դեպքերում, դա արվում է վախով, ավելի մեծ դժվարությամբ»,-ասաց նա:

Նշենք, որ գյուղացիների հողամասերի մեծ մասը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարեւանությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակի տակ է պահել Տավուշի մարզի Դովեղ գյուղը: Կրակի տակ է եղել, մասնավորապես, գյուղի մանկապարտեզը: Կրակահերթի տակ բնակիչները տարհանել են մանկապարտեզի ու դպրոցի սաներին, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Դրանից մեկ օր անց, Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում գնդակոծվել էր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որում երեք պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են «նման անիմաստ գործողությունները», կոչ անելով կողմերին ձեռնպահ մնալ նման քայլերից: «Համանախագահները վճռականորեն դատապարտում են ցանկացած մարդկային կորուստներ եւ կրկնում, որ ԼՂ խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանն այլընտրանք չկա»,-ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ