News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմն անհրաժեշտ է համարում ավելացնել Ադրբեջանի հետ շփման գծում իրականացվող ԵԱՀԿ դիտարկումների թիվը:

Այս մասին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովին եւ Իրժի Աբերլեին` նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ:

«Նախորդ տարի ամսական տեղի է ունեցել միջինը 3 դիտարկում: Այս տարվա 4 ամիսներին դիտարկումների թիվը նվազել է մինչեւ 2-ի, որովհետեւ ադրբեջանական կողմին, իբր, հարմար չէ այդքան շատ դիտարկումների անցկացումը: Կարելի է եզրակացնել, որ եթե դիտարկումներ ընդհանրապես տեղի չունենան, դա Բաքվին ավելի ձեռնտու կլինի»,-նշել է Մկրտումյանն, ընդգծելով, որ չի կարելի թույլ տալ, որ դիտարկման պայմանները թելադրի կողմերից մեկը:

Հայկական կողմը համարում է, որ օպտիմալը շաբաթը մեկ անգամ դիտարկում անցկացնելն է: Մկրտումյանի խոսքով, դիտարկումների անցկացման ժամանակի ու տեղի համաձայնեցումը հաճախ «խնդիրներ է հարուցում» ադրբեջանական կողմի մոտ:

«Մենք գրեթե միշտ համաձայն ենք դիտարկման ժամանակի եւ ուղղության հարցերում, որն առաջարկում է ԵԱՀԿ առաքելությունը»,-հիշեցրել է հայ գնդապետը, հավելելով. «Ինքներդ եք տեսնում, որ լարվածությունը միայն աճում է: Հրադադարի ռեժիմի խախտումների թիվը տարեց տարի ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Պետք է ինչ-որ բան անել»:

Նշենք, որ այս տարվա սկզբից մինչեւ ապրիլի 30-ը Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 4600 անգամ:

2011-ին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 12 600 անգամ, 2010-ին` 7200 անգամ, 2009-ին` 4600 անգամ, 2008-ին` 3500 անգամ, 2007-ին` 1400 անգամ, 2006-ին` շուրջ 600 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ