News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի քարոզարշավը խոչընդոտելու փաստին:

Հայտարարությունում ասվում է.

«Ապրիլի 30-ին թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբում ահազանգ է ստացվել, որ Ավան թաղամասում խոչընդոտում են թեկնածուի եւ «Ժառանգության» քարոզչական նյութերը բաժանելուն:

Ահազանգի հետքով ժամը 13:00-ի մոտակայքում 6-րդ փողոց ժամանած Ստյոպա Սաֆարյանը, նրան ուղեկցող անձինք անձամբ ականատես դարձան, թե ինպես են մի խումբ մարդիկ խոչընդոտում քարոզարշավին: Խոչընդոտողների թվում էր Նառա անունով ներկայացած մի կին` ՀՀԿ շտաբի ակտիվիստներից, որն անգամ զգուշացումից հետո շարունակում էր մարդկանցից ետ հավաքել Ս.Սաֆարյանի ու «Ժառանգության» քարոզչական նյութերը: ՀՀԿ շտաբում հավաքված իր բուկլետները պատգամավորը տեսել է անձամբ:

Ժամը 14:00-ի մոտակայքում 3-րդ փողոցում հավաքվում են ՀՀԿ շտաբերի շուրջ 30 ակտիվիստներ եւ Սաֆարյանի քարոզչական խմբերի հասցեին հնչեցնում հայհոյախառն, վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ: Հատկապես աչքի են ընկել 2 տղամարդ, որոնք ժամանել էին 22 OU 171 պետհամարանիշով ջիպ ավտոմեքենայով: Ներկայանալ հրաժարված հիշյալ երկու անձինք աղմկել են եւ պնդել, որպեսզի Սաֆարյանը «հավաքի բանդան եւ հեռանա իրենց թաղից»:

Իրադրության հետագա սրում թույլ չտալու համար Սաֆարյանը զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Ոստիկանություն դիմելուն պես խմբված ՀՀԿ-ականները լքել են տարածքը:

Անկախ միջադեպից Ս.Սաֆարյանը եւ նրա շտաբի անդամները շարունակել եւ ավարտել են ծրագրված քարոզարշավը:

Ցավալի է, որ կատարվածը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկան ոչ ՀՀԿ կուսակցությունը, ոչ էլ նրա մեծամասնական թեկնածուն` Ռուբեն Հայրապետյանը:

Կոչ ենք անում թիվ 1 ընտրատարածքում մրցակից թեկնածուին եւ իրավապահ մարմիններին` անհապաղ միջոցներ ձեռնարկել հետայսու ընտրատարածքում նման միջադեպերի կանխման ու լարվածության հետագա ուժգնացում թույլ չտալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ