Հայ ազգային կոնգրեսն ունի մեկ մինիմում եւ մեկ մաքսիմում խնդիր. մինիմում խնդիրը «ապաշնորհ Տիգրան Սարգսյանին կառավարության ղեկից հեռացնելն է, որպեսզի նա չակերտավոր հաջողություններ չգրանցի տարբեր ոլորտներում, իսկ մաքսիմում խնդիրն է խորհրդարանում ստանալ մեծամասնություն: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, Շիրակի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ նշել է ՀԱԿ-ի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ավտոապահովագրության (ԱՊՊԱ) խնդրին, նա նշել է, որ ՀԱԿ-ի ձեւավորած կառավարությունը կիսով չափ կրճատելու է ԱՊՊԱ-ի վճարը:
«Մենք բոլոր օլիգարխների անցած հարկային ուղին պետք է վերանայենք, թե ինչքանով են նրանք պետությանը հարկեր վճարել: ՀԱԿ-ի կառավարությունը կոպեկ-կոպեկ ստուգման է ենթարկելու Սաշիկ Սարգսյանի ունեցվածքը, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների ունեցվածքը: Ես կանխատեսում եմ, որ այդ ստուգման արդյունքում, ինչպես 1995-ին էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը Երեւան-Բալահովիտ ճանապարհին իր «Պազիկ»-ը քշում, այդ ստուգումից հետո էլ է նույն «Պազիկը» քշելու, որ իր ընտանիքը պահի»,-ասել է Փաշինյանը:
Այնուհետեւ նա հայտարարել է, որ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը հետամուտ է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի բացահայտմանը:
Նշենք, որ նախընտրական քարոզչության շրջանակներում ՀԱԿ-ի ներկայացուցիչները այսօր եղել են Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: