News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանն իր քաղաքացիներին կոչ է անում, իրական ժամանակում, արձանագրել ընտրակեղծիքները` օգտվելով ընտրության դիտարկման նոր առցանց iDitord ծրագրից:

Օգտվելով տեխնոլոգիական առաջխաղացումներից` iDitord-ը միտված է ներգրավել Հայաստանի բնակիչներին քաղաքացիական մասնակցության նոր մակարդակում` հնարավորություն տալով ընտրողներին առցանց կամ տեքստային հաղորդագրությունների միջոցով հայտնել ընտրակեղծիքների մասին:

Բջջային ծրագրերի ներառումն ու հեռախոսների եւ Թվիտերի հետ ինտեգրումը պետք է խրախուսեն տեխնիկայից գլուխ հանող ընտրողներին ներգրավվել ընտրական գործընթացում մի երկրում, որտեղ երեք քաղաքացիներից մեկն այժմ ցանցում է:

Ժողովրդավարական գործընթացը ամրապնդելու նպատակով ՀՀ կառավարության կողմից շարքային քաղաքացիների ջանքերի վրա հիմնված այսպիսի նորամուծությունների խթանումը ողջունելի է եւ կնշանակի հետագա առաջընթաց քվեատուփերի լցոնումից ու ձայների բացահայտ գնումից, ինչը որ անհանգստացնում էր 2003 եւ 2007 թվականների ընտրությունների ժամանակ:

Այս շաբաթ հարյուրավոր պատգամավորներ եւ ավելի քան 20 երկրներից ԵԱՀԿ այլ դիտորդներ կժամանեն Հայաստան` դիտարկելու քվեարկությունը: Մենք այստեղ ենք ականատես լինելու ավելի շատ գործընթացին, այլ ոչ թե արդյունքին եւ, վերջում, մենք կգնահատենք, թե արդյո՞ք այս ընտրությունները տեղի են ունենում 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով Հայաստանի ստանձնած ժողովրդավարական պարտավորությունների համաձայն:

Հայաստանն ընդունել է արդար ընտրությունների այս պարտավորությունները 1992թ. ԵԱՀԿ-ին միանալիս` հաստատելով Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը, փոքրամասնությունների իրավունքներին եւ օրենքի գերակայությանը: Նախորդ տարիներին այս պարտավորությունները լիովին չեն իրագործվել: Սակայն 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ եւ նախորդ տարի ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունները խոսում են այն մասին, որ ցանկություն կա բարելավելու իրավիճակը քաղած դասերի հիման վրա ու խթանելու ավելի ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրական համակարգ:

Ընտրվածների թվում, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովներում կանանց տեղերն ավելացնելու ջանքերը ողջունելի փոփոխություններ են մի տարածաշրջանում, որտեղ գենդերային գծերը դեռեւս շատ հաճախ թելադրում են, թե ովքեր են նստում իշխանության գլուխ:

Քարոզարշավի ֆինանսական նոր սահմանափակումները եւ ընտրական բոլոր վեճերի դատական պաշտպանության ապահովումը լիահույս եմ, որ է’լ ավելի կբարձրացնեն քարոզարշավի միջավայրի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Իսկ նոր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ընտրողներին առցանց ստուգել իրենց գրանցումը, պետք է որ բարձրացնեն քաղաքացիների փորձը` Հայաստանը դարձնելով մոդել 21-րդ դարի ժողովրդավարությունների համար:

Քաղաքացիների ներգրավման այս քայլը Հայաստանի սփյուռքի համար նաեւ ընդգծում է կարեւոր հանգամանք` ընտրական հրապարակայնություն եւ թափանցիկություն: Սակայն տեխնոլոգիական այս առաջխաղացումները անիմաստ են առանց Կառավարության պատշաճ հետեւողականության: Առցանց հաղորդումների գործիքը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե օրինական բողոքներին արագ ընթացք տրվի ընտրության անցկացման կամ դատական համակարգի իրավասու մարմինների կողմից:

Չնայած իր հարուստ պատմությանը` Հայաստանն այսօր կանգնած է շարունակական արտագաղթի առաջ, մասնավորապես, երիտասարդների եւ առավել լավ կրթություն ունեցողների կողմից: Երկիրն ունի մոտ ութ միլիոնանոց սփյուռք, որը տարածված է Եվրոպայով, Մերձավոր Արեւելքով եւ Հյուսիսային Ամերիկայով ու ակտիվ դեր է խաղում ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Հաճախ ամուր կապերը Հայաստանի ու սփյուռքի միջեւ խթանել են ժողովրդավարական առաջխաղացում եւ շարունակում են մղել փոփոխությունների Հայաստանում: Հետեւաբար, երբ հայաստանցիները կիրակի օրը գնան ընտրատեղամասեր խորհրդարանական ընտրությունների համար, ոչ միայն միջազգային դիտորդներն են հետեւելու Հայաստանի առաջընթացին, այլ նաեւ նրանք, ովքեր չնայած իրենց գտնվելու աշխարհագրական վայրից, Հայաստանը համարում են իրենց տունը:

Տեսնելով այս ամենը, մայիսի 6-ի ընտրությունները, որոնք առաջինն են լինելու, որ անցկացվելու են նոր փոփոխված Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է ժողովրդավարության ամուր հիմք ապահովեն:

Սակայն միայն օրենսդրության նոր բարեփոխումները եւ բարձր տեխնոլոգիաների հետ կապված փոփոխությունները ժողովրդավարական ընտրություններ չեն ապահովի, մարդիկ կապահովեն: Շահագրգիռ բոլոր կողմերը դերակատարություն ունեն այժմ, ընտրությունների օրը եւ դրանից հետո, որպեսզի նպաստեն իրական ժողովրդավարական ընտրությունների արդար անցկացմանը:

Հայերը նախկինում ցույց են տվել ժողովրդավարական պարտավորությունների համաձայն գործելու իրենց ներուժը: Հինգ տարի առաջ մենք համարել ենք, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին: Հուսով ենք տեսնել է’լ ավելի լավ իրականացում այս տարի:

Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայի խորհրդարանի պատգամավոր է եւ Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ համակարգող:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ