News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի  Ազգային խորհրդի նախագահ Ալեքսիս Գովջյանին եւ համակարգող խորհրդի  համանախագահ Արա Թորանյանին հղած երկու առանձին նամակներում Ֆրանսիայի նախագահ եւ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին հաստատել է իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ շրջանառության մեջ դնելու հարցում:  Այդ մասին հայտնում է Nouvelles d`Arménie-ն:

Ֆրանսիայի նախագահի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ապրիլի 24-ին ես ներկա էի Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառմանը: Ես ուրախ էի հանդիպելու ձեզ հետ այդ կապակցությամբ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար:

Ինչպես ես արդեն ասել եմ Երեւանում, որտեղ դուք ինձ ուղեկցում էիք պետական այցի ընթացքում, ապա Արսեն Չաքարյանին Պատվո լեգեոնի շքանշան հանձնելիս, որ հայ ժողովուրդը դարձել է ամբողջ ազգի ոչնչացման առաջին ծրագրված արշավի զոհը: Հայ փախստականները մեր երկրում դարձել են հավատարիմ որդիներ եւ շատ բան են տվել:

Ֆրանսիայի համար պատիվ է ընդունել հետապնդվող հայերին: Այսօր մեր երկիրը պատիվ ունի պայքարել ցեղասպանության ճանաչման համար:

Այդ արարողությունը թույլ է տվել մեզ հիշեցնել մեր հանդիսավոր պարտավորության մասին, անցկացնել օրենք, որ պաշտպանում է ցեղասպանության ճանաչումը եւ քրեականացնում է ժխտումը: Հարգելով Սահմանադրական խորհրդի որոշումը` ես, այդուհանդերձ, ուզում են, որ նոր տեքստը խորհրդարան մտցվի արդեն հունիսին: Վստահ եղեք, որ Ֆրանսիայի անունից ես կշարունակեմ պայքարը արդարության եւ ճշմարտության ճանաչման համար»:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը` արագորեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:

«Ես պարտավորություն եմ վերցրել եւ կկատարեմ այն: Դա իմ պարտականությունն է որպես հանրապետության նախագահ` պաշտպանել ֆրանսիական քաղաքացիներին, որոնց ժխտում է սպառնում»,- ասել էր Նիկոլա Սարկոզին եւ հավելել. «Կառավարությունն արդեն աշխատում է նոր օրինագծի վրա… Տեքստը կարող է ընդունվել խորհրդարանի լիազորությունների հաջորդ ժամկետի սկզբին»: Նա նշել է, որ հաշվի են առնվելու Սահմանադրական խորհրդի որոշումը:

Նրա մրցակիցը` Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը հաստատել էր, որ իրականում ցանկանում է «ժամկետի սկզբում, հանգիստ պայմաններում իրակաանցնել ցեղասպանության ժխտման քրեականացումը»:

«Ես համոզված եմ, որ դա պետության պարտքն է` ճանաչել ցեղասպանությունները, որոնք ապացուցված են պատմական հետազոտություններով, իսկ ժխտումը բռնության դրսեւորում է, որ տեղ չունի մեր հանրապետությունում»,- նշել էր նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության, ժխտման քրեականացման մասին օրենքը հայտարարել էր  ոչ սահմանադրական:

Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքն ընդունվել էր  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին:
Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում, որն էլ հակասահմանադրական էր ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ