News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, ով հացադուլ է հայտարարել ԿԸՀ-ի դիմաց, նախատեսում է մեկ շաբաթ շարունակել իր ակցիան, իսկ ներկա պահին ինքնազգացողությունը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արտավազդ Վարդանյանը:

Հարցին, թե ո՞ւմ դեմ է ուղղված իր հացադուլը, նա պատասխանեց, որ այն ոչ իշխանության, ոչ ընդդիմության դեմ է, այլ ավելի շուտ ուղերձ է հայ հասարակությանը, մտավորականությանը որպեսզի ելքեր որոնեն: «Ի վերջո, եթե ես դիմեի  իշխանություններին, ապա իշխանությունը միշտ լսում է  ուժեղին: Ես ուժեղ չեմ, հասարակությունը եւս այս պահին ուժեղ չէ ընտրություններով որեւէ բան փոխելու համար: Այսինքն` իմ ուղերձն ուղղված է հասարակությանը, որ նա կարողանա ինքնակազմակերպվել, իսկ մտավորականությունը կարողանա ելքեր առաջարկել: Մտավորականության մի մասը կարող է ասել տեռոր, մյուս մասը մեկ այլ բան: Անձամբ ինձ համար հարազատ է այլընտրանքային ընտրություններ կազմակերպելու տարբերակը: Այդպիսի  խոսակցություն սկսել է «Սարդարապատ» շարժումը, բայց լավ կլինի, որ մտավորականությունն իր տարբերակն առաջարկի»,- պարզաբանեց Արտավազդ Վարդանյանը: 

Դիտարկմանը, թե իր ուղերձն ուշացած չէ՞, հաշվի առնելով, որ ընտրություններին մնացել է 2 օր, նա արձագանքեց. «Իմ խնդիրն է ուղերձը հղել: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններին հաջորդելու են նախագահական ընտրությունները, իսկ   հայ ժողովուրդն ավելի ուղղորդված է նախագահական ընտրություններին, քանի որ դա է որոշիչը: Դրա համար իմ քայլը պլացդարմ է նախագահական ընտրությունների համար»:

Վերջինս նաեւ ասաց, որ  ընտրություններին չի մասնակցելու, քանի որ կարծում է, որ ամեն ինչ կանխորոշված է, որեւէ կուսակցության կամ շարժման եւս չի հարում, թեեւ ժամանակին ԱԺՄ անդամ է եղել, հասարակական, քաղաքական կառույցներից այցելուներ չի ունեցել: Նրան տեսակցում են հիմնականում  ուսանողները, ընկերները եւ լրատվամիջոցները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ԿԸՀ-ի դիմաց: Նա մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման որոշում է կայացրել ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծիքների: «Ընդ որում, այդ կեղծիքների սկիզբը դրվել է 1990-ական թվականներին»,-ասել է նա, կարծիք հայտնելով, որ հասարակությունը պետք է բողոքի այն մեխանիզմների դեմ, որոնցով իշխանությունն անցկացնում է ընտրությունները: «Դուք հավատո՞ւմ եք, որ ընտրատեղամաս է այցելում ընտրողների կեսից ավելին եւ յուրաքանչյուր ձայն տեղ է հասնում: Ինչպես կարող եք այդպես ասել այն բանից հետո, երբ այս ամենը տեսնում եք ձեր աչքով»,-ասել է Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ