News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե Հանրապետության հրապարակում եղած փուչիկների մեջ անգամ մի փոքր ջրածին լցված լիներ, մի փոքր կայծն էլ բավական է, որ ամբողջ տարածքով պայթյունը տարածվի. ըստ երեւույթին փուչիկներում հենց ջրածին է լցված եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էկոատոմ» ընկերության գիտական գծով ղեկավար Գագիկ Մարտոյանը` անդրադառնալով մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգ-հանրահավաքի ընթացքում փուչիկների պայթյունին:

Նրա խոսքով, սովորաբար նման դեպքերում հելիում են լցնում, եւ երեւի հելիում չեն գտել, ջրածին են լցրել:

Հարցին, թե այդքան դժվա՞ր է հելիում գտնելը, Գ. Մարտոյանն արձագանքեց. «Հելիումի աշխատող ձեռնարկություններ հիմա չկան, նաեւ քիչ է հելիում ներկրվում, ուստի հնարավոր է այդ պատճառով չլիներ»:

Իսկ եթե հրապարակում փուչիկներն այդքան շատ չլինեին, նույն ռեակցիա՞ն  կառաջանար, հարցին էլ պատասխանեց. «Չէ, չէ: Ինչքան մեծ լինեին այդ փուչիկները, այդքան մեծ կլիներ վտանգը: Իսկ  երեկվա դեպքը սովորական անվտանգության տեխնիկայի խախտում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ: Այս պահին հիվանդանոցներում է գտնվում 80 տուժած, որոնցից 25-ը` վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ