Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժած 154 քաղաքացիներից, այսօրվա` մայիսի 6-ի, ժամը 14:00-ի դրությամբ, Երեւանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նախարար Հարություն Քուշկյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և դուրսգրումները շարունակվում են:
Հարություն Քուշկյանը կրկին այցելում է բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:
Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:
Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ: