Հանրապետության հրապարակում, մայիսի 4-ին, ՀՀԿ-ի հանրահավաքում փուչիկների պայթյունից տուժած այն քաղաքացիները, որոնք պլաստիկ վիրահատության կարիք ունեն, նրանց համար այդ վիրահատությունը կիրականացվի պետպատվերի շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ սովորաբար պլաստիկ վիրահատությունները չեն իրականացվում պետպատվերի շրջանակում:
Նրա խոսքով, մայիսի 10-ի դրությամբ, Երեւանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 75 քաղաքացի, որոնցից 10-ը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:
Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:
Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ: