News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նորաթուխ ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանը, NEWS.am-ի տեղեկություններով, բողոք է ներկայացրել թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որով պահանջում է նախ անվավեր ճանաչել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ապա նաեւ անվավեր ճանաչել այդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքները: Նա պատճառաբանում է, որ վերջին 5 տարվա ընթացքում Մարուքյանն անընդմեջ չի բնակվել Հայաստանում:

NEWS.am-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զանգահարեց Վիկտոր Դալաքյանին, սակայն վերջինս, լսելով հարցը, սկսեց բղավել. «Էլ ինձ չզանգեք NEWS.am, հասկացա՞ք» եւ դա կրկնեց մի քանի անգամ ու ինքն էլ անջատեց հեռախոսը:

Փոխարենն այդ ընտրատարածքում հաղթող թեկնածու, անկուսակցական Էդմոն Մարուքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տվյալ տեղեկությունն ու ավելացրեց. «Ես Երեւանում եմ, բայց գիտեմ, որ դիմել է ընտրական հանձնաժողով եւ բողոք է ներկայացրել, թե ես վերջին 5 տարում չեմ բնակվել Հայաստանում»: Հարցին, թե իսկապե՞ս վերջին 5 տարիներին չի բնակվել Հայաստանում, Մարուքյանը պատասխանեց. «Հա, բա ի՞նչ եմ արել, ինչպես կարող է բնակված չլինեմ, հետեւաբար ես բացառում եմ, որ այդ բողոքը կարող է  ինչ-որ արդյունք տալ»: 

Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ մինչեւ ընտրությունները թիվ 30 ընտրատարածքում հետազոտել է ընտրողների տրամադրությունները։ «Իմ թիմով կոտրեցինք կարծրատիպը, որ միշտ իշխանության թեկնածուն պետք է հաղթի: Ավելին, եթե այդպես լիներ, ես չէի էլ առաջադրվի, որովհետեւ ես չէի մասնակցում օլիմպիական սկզբունքով` ուղղակի մասնակցելու համար: Կոնկրետ հաշվարկներ կային եւ մենք գիտեինք, որ մեր քարոզարշավը մեզ տանելու է դեպի հաղթանակ: Դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ իմ մրցակից թեկնածուն (Վիկտոր Դալլաքյան խմբ.) ընդդիմադիր պատգամավորի կեցվածքից անցում կատարեց դեպի Հանրապետական կուսակցություն: Այսինքն`մարդկանց մոտ առաջացավ հիասթափություն»,- ասել էր  նա:

Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ից` Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ-ից` Զոհրաբ Թորոսյանը, ՀՀՇ-ից` Աշոտ Մանուկյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը եւ Ժառանգությունից` Գառնիկ Սահակյանը: Արդյունքում  2400 ձայների առավելությամբ Էդմոն Մարուքյանը հաղթել էր Վիկտոր Դալաքյանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ