News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակելու է պաշտոնավորել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի Մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Վերջինս պատասխանեց եւս մի քանի հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Խաչատրյան, առաջիկայում որտե՞ղ տեսնենք Ձեզ, գործադիրո՞ւմ, թե՞ օրենսդիրում:

Ինձ կտեսնեք Սյունիքում: Ես իմ երկիրը, իմ ժողովրդին շատ եմ սիրում եւ շարունակելու եմ իրենց հետ աշխատել: Իսկ, եթե վաղը, մյուս օրը երկրի բարձրադիր իշխանությունն ասի չեք աշխատում, ուրեմն չենք աշխատի:

Եթե Սյունիքում ՀՀԿ-ի օգտին նման բարձր ցուցանիշներով հաղթանակ չապահովեիք, կշարունակեի՞ք մնալ մարզպետ ընտրություններից հետո:

Այ հիմա այդ հարցը չպետք է տաս էլի, որովհետեւ այսօր արդեն արդյունքը կա: Այդ արդյունքը խոսում է նրա մասին, որ դա 1 օրվա աշխատանք չէ, այլ տարիների աշխատանքի արդյունք: Այսինքն, երբ մարդ փորձում է ընտրություններին 2 ամսվա ընթացքում աշխատի, չգիտեմ, թե ինչ է լինում: Իսկ երբ մարդը տարիներով է աշխատում այդ ժամանակ այսպիսի արդյունքներ են լինում:

Ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը:

Սյունիքում ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված էր մարզպետարանի համայնքապետերի, քաղաքապետերի եւ ներքին ուժային կառույցների չարչարանքով, աշխատանքով, որ այ այսպիսի հրաշալի ընտրություններ ունեցանք:

Բայց շարունակվում են դժգոհություններն ընտրությունների արդյունքներից:

Չէ, չէ, չեն կարող ոչինչ անել: Ես կոնկրետ Սյունիքի համար եմ խոսում, որտեղ մինչեւ այսօր որեւէ մեկն այդպիսի շահարկում չի արել, ոչ մի լցոնման մասին չեն խոսել, թե դիմություն, թե ընդդիմություն: Մենք համատեղ ամեն ինչ արեցինք, որպեսզի ընտրությունները լինեն արդար, մաքուր, թափանցիկ, որ որեւէ մեկը չկարողանա ընտրությունների վրա ցեխ շպրտել:

ԲՀԿ-ի հետ հարաբերություններն ինչպե՞ս են: Ընտրություններից առաջ ասում էին, թե արգելել եք, որ գնան ԲՀԿ-ի հանրահավաքին:

ԲՀԿ-ՀՀԿ լարվածություն ամբողջ ընտրությունների ընթացքում չի եղել: Եվ, ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ոչ մի կուսակցության հետ լարվածություն չի եղել: Ինչ-որ ասում են, դա լրագրողների սարքածն է: Մի բան լրագրողն անպայման կուզենա սարքի, չէ՞: Բայց փառք Աստծո, խելացի մարդիկ լրագրողների ասածին ուշադրություն չեն դարձնում:

Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա կկազմե՞ն, թե` ոչ:

Դա իմ խնդիրն ա՞, որ ինձ նման հարցեր ես տալիս: Ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ կարողա լինի: Դա ես չեմ կարող ասել, իրենք են որոշողը, երկրի նախագահն է որոշողը, ՀՀԿ-ի ղեկավարն է որոշողը: Իրանք են որոշելու կդառնան, թե` չէ: Իրենք կնստեն, ոնց որ մշտապես նստել են Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել են անելիքները, երեւի այս անգամ էլ կնստեն կքննարկեն: Հիմա ես ինչ կարող եմ ասել:

Ասում են Սիլվա Համբարձումյանն ուզում է Սյունիքում ամրապնդի իր դիրքերը:

Ես Սիլվայի մասին վաղուց մոռացել եմ, կարծում եմ ինքն էլ ա մոռացել:

Իսկ Հմայակ Հովհաննիսյանի հետ կապված հարցն ինչով ավարտվեց, ասում էր, որ իր տարածքը ուզում եք վերցնել:

Ես չգիտեմ, թե անլուրջ հայտարարությունների համար ինչ պատասխան տամ: Դրա մեջ ընդհանրապես իրողություն չկա:

 

Զրուցեց` Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ