News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Լոռիի մարզի Գարգառ համայնքով անցնող M-3 միջպետական ճանապարհի վրա գտնվող  գլխավոր կամուրջը կանգնած է փլուզման վտանգի առաջ, որտեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ խնդրով զբաղվող պաշտոնյանները: Տարիների ընթացքում գետը քայքայել է կամրջի հենապատերը, այսօր արդեն վտանգված է նաեւ կամուրջը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Գարգառի գյուղապետ Կարեն Զալինյանը նշեց, որ նման վիճակ է արդեն 2-3 տարի: «Կամրջի հենապատերը ողողվել են հորդառատ անձրեւների պատճառով, կամրջի խորանարդները գետը քշել տարել է, ինչը  լուրջ վտանգ է ներկայացնում կամուրջի համար»,-ասաց նա, հավելելով, որ իրենք այդ մասին տեղյակ են պահել բոլոր կառույցներին, սակայն միայն մեկ ամիս առաջ են եկել տրանսպորտի նախարարությունից, նախագծել են ու վերջ, իսկ այսօր արդեն վիճակը կրկին վատթարացել է:

Միջպետական M-3 ճանապարհը համարվում է կարեւորագույն նշանակություն ունեցող, իսկ քայքայվող պատնեշը պահպանում է կամրջի հենասյուները: Կարեն Զալինյանի խոսքով պատնեշը չլինելու դեպքում` հորդառատ անձրեւի ժամանակ ամբողջությամբ կողողվի կամուրջի հենասյուների, ինչն էլ հղի է կամրջի փլման վտանգով:

«Տրանսպորտի նախարարություն, Լոռիի մարզպետարան, ԱԻՆ վարչություն, Ճանշին տեղամաս, այս բոլոր կառույցներին ես դիմել եմ»,-հերթով թվարկեց  գյուղապետն ու հավելեց, որ այսօր պատճառված վնասը շատ ավելին է, քան երկու տարի առաջ,  իսկ հիմա շտապ կոնսերվացում է պետք, կամուրջը պահպանելու համար:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն դիտարկմանը, որ այսքան տարիների անուշադրության պատճառով այսօր վիճակն ավելի անմխիթա՞ր է դարձել, գյուղապետը դժվարացավ ասել, միայն նշեց, որ ինքը բոլորին տեղյակ է պահել, ու որեւէ մեկը չի կարող դա հերքել, թե խնդրի մասին չեն իմացել: Կամրջի փլման վտանգը եւ հրատապ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտությունը հաստատեց նաեւ վիճակին տեղում ծանոթանալու նպատակով Գարգառ ժամանած ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը: «Սա հրատապ լուծում պահանջող խնդիր է, որին եթե արագ չարձագանքվի, ապա հնարավր է, որ վնասվի հիմնական կամուրջը, որը ծանր հետեւանքներ կունենա»,-ասաց նա, մեկ անգամ եւս կրկնելով, որ խնդիրը միանշանակ անհապաղ լուծում է պահանջում:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ