News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան է հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:

Գերմանացի հայտնի պրոֆեսորն, այսօր` մայիսի 16-ին, եղել է  Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում: Մինչ հիվանդներին այցելելը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նրան ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ օգնություն է ցուցաբերվել տուժածներին:

«Ընդհանրապես, բժշկական աշխարհում ընդունված է համատեղ կոնսիլիումներ, փորձի փոխանակում անցկացնել,  որպեսզի բուժումը լինի մաքսիմալ արդյունավետ»,- Այրվածաքաբանության կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հարություն Քուշկյանը` հավելելով, որ հրավիրել են  լավագույն մասնագետներից մեկին:

Նա նաեւ նշեց, որ բավականին դրական փոփոխություններ կան, գերմանացի բժիշկը այցելելու է բոլոր հիվանդներին, կատարելու է անհրաժեշտ բոլոր միջամտությունները:

«Մեր բժիշկների հետ համատեղ նա կպլանավորի հիվանդների հետագա բուժումը եւ վարման կարգը: Կան հիվանդներ, որոնք երկարատեւ եւ խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն»,- նշեց նախարարը, հավելելով, որ գնալու են մինչեւ վերջ, բոլոր հիվանդներին բուժելու են, ոչ մի սպի չեն թողնելու:

Նախնական տվյալներով` գերմանացի բժիշկը Հայաստանում կլինի երկու օր, բայց եթե կարիք լինի, ապա նա երկար կմնա եւ կրկին կայցելի Հայաստան: «3-րդ աստիճանի այրվածքով 2 հիվանդ կա: Գերմանացի բժիշկը բավականին դրական գնահատեց մեր բժիշկների կատարած աշխատանքը եւ մենք սպասում ենք լավ արդյունքների»,- նշեց նա: Նախարարը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ վիրահատական ծախսերը հոգալու է պետությունը:

Իսկ գերմանացի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այստեղ տեսել է երկու ծանր դեպք, որոնց հավանաբար անհրաժեշտ կլինի վիրահատություն, կային նաեւ թեթեւ դեպքեր: Նա լինելու է նաեւ ուրիշ հիվանդանոցներում, նայելու է բոլոր հիվանդներին, եւ անելու է իր առաջարկությունները, թե ինչպես բուժել նրանց:

«Եթե հանկարծ անհրաժեշտ լինի օգնություն կամ բուժում Գերմանիայում, ապա մենք պատրաստ ենք, ես առաջարկում եմ իմ օգնություն,  թեեւ այստեղ իսկապես լավ մասնագետներ կան»,- նշեց Ադրիան Դայգլերը:

Նա բարձր գնահատեց, թե  ինչպես են հիվանդները այստեղ անցնում բուժում` շեշտելով, որ «այստեղ նրանք գտնվում են լավ ձեռքերում»:

Նշենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներից 56-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 2-ը` վերակենդանացման բաժանմունքներում: Իսկ 85 հիվանդ գտնվում են ամբուլատոր բուժման մեջ, թեեւ դուրս են գրվել, բայց ժամանակ առ ժամանակ գալիս են կոնսուլտացիայի, վիրակապության եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քրատուղար Շուշան Հունանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:

Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ