News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մայիսի 18-ին, հանդիպել է Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ Հայաստանի կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: Հայաստանի կառավարության հիշյալ որոշման  համաձայն` Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպվել է եւ  միացել  ԿԳՆ «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: Ներկայացնելով կառավարության որոշումը` ԿԳ նախարարը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որեւէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում»,-  հավաստիացրել է Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից:

Նշենք, որ Ապարանում գործում է 2 հիմնական եւ 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ: Բացի այդ ավագ դպրոցի շենքային եւ տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարեւոր եւ անհրաժեշտ պայմաններ: Նախարարը նշել է նաեւ, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձեւավորվի եւ հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ  «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով:

Տպել
Ամենաշատ