News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի լիբերալ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ կուսակցությունը լքում է Հայ ազգային կոնգրեսը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի լիբերալ կուսակցությունը կարեւորելով իր մասնակցությունը Հայ ազգային կոնգրեսին, գտնում է, որ 2008թ. սկսած ՀԱԿ-ը լուրջ դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական-հասարակական կյանքում, քաղաքական օրակարգի ձեւավորման հարցերում, քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացներում, երկրում վախի մթնոլորտի հաղթահարմանն ուղղված գործողություններում: Նշված բոլոր ուղղություններով հատկապես զգալի էր ՀԱԿ-ի հաջողությունները 2008-2009թթ.-ին: Սակայն, ցավոք, հետագայում ՀԱԿ-ի գործողությունները դարձան պասիվ, երբեմն անհասկանալի, ընդ որում` բոլորի համար: 2012թ. ԱԺ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի համար կրելով սեփական պատասխանատվության մասը` այնուամենայնիվ գտնում ենք, որ այսօր թերացումների եւ սխալների մասին խոսելն այլեւս ժամանակավրեպ է: Թող յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ գործիչ ինքը մտորի այդ ամենի մասին, եզրահանգումներ անի:

2012թ. ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում եւ դրանից հետո կուսակցության քաղաքական ակտիվի եւ բազմաթիվ անդամների հետ քննարկումներից, զրույցներից ելնելով` ՀԼԿ քաղաքական խորհուրդը որոշեց (թիվ3 որոշում, 17.05.2012թ.), որ Հայաստանի լիբերալ կուսակցությունը դուրս է գալիս Հայ ազգային կոնգրեսի կազմից` այլեւս աննպտակահարմար համարելով կաշկանդված մնալ ՀԱԿ որոշումների եւ գործողությունների շրջանակներում:

Միեւնույն ժամանակ կուսակցության այն անդամները, ովքեր կցանկանան շարունակել իրենց քաղաքական գործունեությունը ՀԱԿ շրջանակներում եւ դուրս գալ ՀԼԿ-ից, ապա նրանք ազատ են իրենց որոշումների մեջ: Կուսակցության հետագա ծրագրերի եւ անելիքների մասին որոշումները կընդունվեն 2012թ. աշնանը հրավիրվելիք համագումարում` բազմակողմանի վերլուծությունների եւ քննարկումների արդյունքում:

Կուսակցության նման որոշման համար հիմնական պատճառ է հանդիսանում ՀԱԿ-ի կողմից ԱԺ յոթ մանդատների ընդունումը: Կուսակցությունը գտնում է, որ պետք է վայր դնել այդ մանդատները եւ չմտնել խորհրդարան: 2008թ.-ից սկսած համաժողովրդական շարժման համար յոթ մանդատը համարժեք չէ դրված նպատակներին, շարժում, որը մարտի 1-ին տվել է տասը զոհ, ունեցել է ավելի քան 100 քաղբանտարկյալներ, հազարավոր մարդիկ դարձել են հալածյալներ:

Հայաստանի լիբերալ կուսակցությունը այսուհետ եւս շարունակելու է կուսակցության ծրագրային դրույթների իրականացմանն ուղղված ջանքերի գործադրմանը` այդ ճանապարհին համագործակցելով բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը կլինի երկրում ժողովրդավարական բարեփոխումների եւ համակարգային փոփոխությունների իրականացմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարձրացմանը, արժեհամակարգի ձեւավորմանը, ՀՀ անկախության ամրապնդմանը, իրավական, ժողովրդավարական, սոցիալական, տնտեսապես հզոր, անվտանգ ինքնիշխան պետության կառուցմանը նպաստ բերելը:

Հայաստանի լիբերալ կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկերներին այս տարիների համատեղ աշխատանքի ու միասին անցկացրած օրերի համար` մաղթելով նրանց հաջողություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ