News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ» մրցույթում սկանդալները շարունակվում են: Երեկ` մայիսի 24-ին, երկրորդ կիսաեզրափակիչից հետո սկանդալի կենտրոնում է հայտնվել մրցույթում Շվեդիան ներկայացնող Լորինը:

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգի ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Reuters-ի թղթակիցը շվեդ երգչուհուն հետեւյալ հարցն է ուղղել. «Հայտնի է, որ դուք հանդիպել եք ընդդիմության ներկայացուցիչների հետ, ի՞նչ տպավորություն ունեք այդ հանդիպումից: Ընդհանրապես, ինչո՞ւ որոշեցիք կազմակերպել այդ հանդիպումը եւ ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին»:

Ասուլիսը հեռարձակվում էր Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, ուստի թարգմանիչները Reuters-ի թղթակցի հարցը միանգամայն այլ կերպ են «թարգմանել»` ներկայացնելով, թե իբր բրիտանուհի լրագրողը Լորինին հարցնում է, թե ինչպես է նա իրեն զգացել բեմում:

Բացի այդ, տեղի են տվել ասուլիսը վարող ադրբեջանցու նյարդերը, ով հայտարարել է. «Ես կուզեի հիշեցնել բոլորին, որ մենք այստեղ հավաքել ենք բարձր տրամադրությամբ` մրցութային տրամադրությամբ, եւ հարկավոր չէ քաղաքականացնել այս ամենը: Բայց, ամեն դեպքում, դուք կարող եք պատասխանել այս հարցին»:

Շվեդիայի ներկայացուցիչն, ի վերջո, որոշել է սահմանափակվել զուտ դիվանագիտական ձեւակերպումներով` ըստ էության, չի պատասխանել հնչեցված հարցին: «Կարող եմ ասել, որ իմ կյանքը երկու հատվածից է բաղկացած` մի կողմում իմ անձնականն է, մյուսում` աշխատանքը», - նշել է Լորինը:

Ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպը սոցիալական ցանցերում եւ ադրբեջանական անկախ լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա է դարձել:

«Թուրան» գործակալությունը, մասնավորապես, գրել է. «Հանրային հեռուստաընկերությունը, փաստորեն, որոշեց կեղծել ասուլիսի մի ամբողջական հատվածը` թերեւս կարծելով, թե անգլախոսները միայն իրենց ընկերությունում են: Հետաքրքիր է` այս անգամ է՞լ է Եվրոպական հեռարձակողների միությունն իր պաշտպանության տակ առնելու Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը», հաղորդում է «Ազատությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ