News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Թուրքիայում Մալաթիայի քաղաքապետարանի կողմից, փետրվարի 2-ին, Մալաթիայի հայկական գերեզմանոցում ավարտման փուլին հասած պահակատան եւ հանգուցյալներին վերջին հրաժեշտի համար նախատեսված շենքերի հանկարծակի քանդումը մեծ հակազդեցություն է առաջացրել թե’ Թուրքիայի ներսում, թե’ արտասահմանում: Այս մասին նշել է Թուրքիայի Մալաթիայի հայերի միության (HAYDer) Մալաթիա քաղաքի պատասխանատու Սերդար Բոյաջըն` «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից կազմակերպված հայ եւ թուրք լրագրողների համատեղ Թուրքիա շրջագայության մասնակիցների հետ զրույցում:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Մալաթիայից, Սերդար Բոյաջըի խոսքով՝ խոշոր աղմուկ հանած այս դեպքի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մալաթիայի քաղաքապետի հետ՝ հետաքրքվելով դեպքի մանրամասներով եւ հրահանգել՝ շտկել սխալները:

«Գերեզմանատան մուտքի մոտ գտնվող նոր պահակատան եւ հանգուցյալներին վերջին հրաժեշտի արարողությունների համար նախատեսված շենքի կառուցումն արժեցել էր մոտ 125 հազար լիրա (70 հազար դոլար), որը տրամադրել էին Մալաթիայի հայերի միության անդամները:

«Այնուհետ քաղաքապետը հայտարարեց, որ պետք է քանդվեր շենքի մի հատվածը, որն, իբր, չէր համապատասխանում նախագծին, սակայն սխալմամբ բանվորներն ամբողջ շենքն են քանդել: Քաղաքապետը հանձն առավ քաղաքապետարանի միջոցներով կրկին կառուցել շինությունը: Կարագյոզյանի կողմից պատրաստված նախագիծը մայիսի 24-ին հաստատվել է Մալաթիայի քաղաքապետարանի կողմից եւ հունիսի սկզբներին սկսվելու է շինարարությունը»,-նշեց Սերդարը:

Անդրադառնալով դեպքի կապակցությամբ քաղաքական գործիչների վերաբերմունքին, Սերդարը նշեց, որ Մալաթիայից ընտրված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 5 եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության 1 պատգամավորները համերաշխություն են հայտնել Մալաթիայի հայերի միությանը՝ շեշտելով, որ անպայման կմասնակցեն նոր կառուցվելիք շինությունների բացմանը:

Մալաթիայի քաղաքապետարանը 2012-ի փետրվարի 2-ին տեխնիկա եւ բանվորներ է ուղարկել հայկական գերեզմանոց, որտեղ հայ համայնքից ոչ ոք չի եղել։ Այնուհետ նոր կառուցվող շինությունը հողին են հավասարեցրել։

Ստամբուլի հայկական համայնքն ու Մալաթիայի հայերի միության անդամները շոկի մեջ են ընկել՝ իմանալով այս լուրը եւ պարզաբանումներ պահանջել իշխանություններից։

Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեթավիթօղլուն նշել է, թե իրենք շինարարությունն սկսել են թույլտվություն ստանալուց հետո։ «Մենք ընդամենը  կառուցում էինք գերեզմանոցի համար պահակատուն եւ հանգուցյալների համար հոգեհանգստի վայր։ Ամեն ինչ ավերեցին։ Մեր վստահությունն էլ ավերեցին։ Վիրավորված էինք, ավելի վիրավորվեցին»,-ասել է HAYDer-ի նախագահը:

Շինությունը քանդած Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը արդարացել էր, թե իրենք նախատեսել էին քանդել միայն պահակակետի տանիքը, որի համար արդեն զգուշացրել էին, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները եւ քանդումը իրականացնող բրիգադը իրար ճիշտ չեն հասկացել, որի հետեւանքով քանդվել է ամբողջ կառույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ