News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի համար մայիսի 28-ը` Հանրապետությանօրը, բազմաթիվ խորհուրդներ ունի: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիր այցելության ժամանակ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը:

«Մենք մեր անկախության համար պայքարել ենք, պայքարել ենք մեր տարածքների ազատագրման համար, պայքարել ենք Հայաստանի անկախության հռչակման համար, պայքարել ենք միավորված Հայաստան ունենալու համար»,- նշեց նա:

ՕԵԿ փոխնախագահի կարծիքով` մայիսը շատ խորհրդավոր է, «բոլոր այն հաղթանակները, որ հայ ժողովուրդը ունեցել է մայիսին, կարծես թե  ամփոփվում են այսօրվա մեջ»:

Նա շնորհավորեց հայ ժողովրդին` մայիսի 28-ի օրվա կապակցությամբ, եւ նշեց, որ մեր ժողովուրդն ամուր եւ ազատ կամք ունի եւ վճռական է ցանկացած խնդիրների լուծման համար պայքարել` հանուն հայրենիքի ազատագրման եւ անկախացման:

Նշենք, որ այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը: 1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան:

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանվորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի անկախության հռչակագրում:

Անգնահատելի է Հայաստանի Առաջին հանրապետության դերը պետական կառավարման մարմինների ստեղծման գործում:

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ