News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախումբը հանդես է եկել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցով։

Զեկույցը, որը ներկայացվել է մայիսի 24-ին, կազմվել է ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար` Եվրախորհրդարանի պատգամավոր, Մեծ Բրիտանիան ներկայացնող բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորած դիտորդական առաքելության կողմից մայիսի 6-ին անցկացված դիտարկման հիման վրա։

Անդրադառնալով հայաստանյան ընտրությունների «Քաղաքական եւ իրավական համատեքստին»` զեկույցի հեղինակները նշում են, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ կան որոշակի խնդիրներ։ Մասնավորապես, թեկնածուների գրանցման համար հինգ տարվա քաղաքացիության եւ մշտական բնակության պահանջները, ինչպես նաեւ բոլոր բանտարկյալներին, անկախ իրենց կատարած հանցագործությունների ծանրության աստիճանից, ընտրական իրավունքից զրկելը, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։

Ըստ զեկույցի, Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքը, ընդհանուր առմամբ, ապահովում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքը։ Այդուհանդերձ, զեկույցում նշվում է, որ Ընտրական օրենսգրքի «արդար ու պատշաճ կիրառումը» նույնքան կարեւոր է, որքան նրա բուն առկայության փաստը:

Զեկույցն, ընդհանուր առմամբ, դրական է համարում ԿԸՀ եւ ԸԸՀ-ների կողմից ընտրությունների կազմակերպման մակարդակը, մատնանշելով, սակայն, որ չնայած Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկություններին, որ բոլոր համապատասխան մարմինները ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը ճշգրիտ ընտրացուցակներ կազմելու նպատակով, պետական ինստիտուտների միջեւ տվյալների փոխանակումը «անբավարար էր»:

«Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները խիստ մտահոգություններ են հայտնել ընտրացուցակների որակի հետ կապված (ուռճացված թվեր, մահացած մարդկանց ընդգրկում, միեւնույն հասցեում գրանցված, բայց երբեմն փաստացի գոյություն չունեցող ընտրողների բարձր քանակը)», - ասված է փաստաթղթում։

Զեկույցում նշվում է, որ թեեւ ժողովրդագրական բոլոր ցուցանիշները վկայում են Հայաստանում բնակչության թվի նվազման մասին, ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը հանդիսացել է միակ ժողովրդագրական ցուցանիշը, որը 2008 թվականի համեմատ աճել է 157 հազարով:

«Սա միայն կարող էր նպաստել ընտրական գործընթացի նկատմամբ գոյություն ունեցող վստահության պակասի խորացմանը», - բխեցնում են զեկույցի հեղինակները:

Զեկույցը նաեւ անդրադառնում է Ընտրական օրենսգրքի այն դրույթին, որն ընտրություններից հետո արգելում է հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները` նշելով, որ այս դրույթի սահմանադրականությունը վիճարկվել է ՀՀ ԱԺ-ի 28 պատգամավորների կողմից, բայց ընտրությունների նախօրեին այն հաստատվել է Սահմանադրական դատարանի կողմից:

Թեկնածուների գրանցման գործընթացը համամասնական ընտրակարգի պարագայում գնահատվել է որպես «ընդգրկուն». հայտ ներկայացրած բոլոր 9 ուժերի ցուցակներն էլ գրանցվել են: Սակայն մեծամասնականի պարագայում զեկույցը վկայակոչում է երկու ինքնաառաջադրված թեկնածուների գրանցումը մերժելու փաստը: Անդրադարձ է կատարվում նաեւ ինքնաառաջադրված մեկ այլ թեկնածուի ծեծի ենթարկելու եւ նրա` թեկնածությունը հանելու փաստին:

Քարոզարշավը զեկույցում բնութագրված է որպես «մրցակցային եւ հիմնականում խաղաղ»: Նշվում է, որ հավաքների, խոսքի ու տեղաշարժման ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Սակայն անդրադարձ է կատարվում բռնության մի քանի դեպքերի՝ այդ թվում իշխող ՀՀԿ կողմնակիցների կողմից քարոզչական նյութեր բաժանող ՀԱԿ թեկնածուների ու ակտիվիստների վրա հարձակման դեպքը:

Նշվում է, որ ընտրությունների մասնակիցները ոչ միշտ են գործել օրենքին համապատասխան` պաստառների եւ քարոզչական այլ նյութերի տարածման հարցերում: Այսպես, ՀՀԿ պաստառները փակցված են եղել հասարակական տրանսպորտի վրա, հիմնականում ՀՀԿ-ի, բայց նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պաստառներ են փակցվել քաղաքային իշխանությունների ենթակայության տակ գտնվող շենքերի վրա:

Զեկույցը նաեւ անդրադառնում է ընտրացուցակների անճշտությունների, ընտրակաշառքի բաժանման, ընտրակեղծարարությանը նպաստող անձնագրերի տրամադրման եւ ընտրողների ահաբեկման մասին պնդումներին: Անդրադարձ է կատարվում իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործմանը, այդ թվում դասերի ընթացքում ուսուցիչների եւ դպրոցականների՝ քարոզչական միջոցառումների ակտիվ ներգրավմանը։

«Եղել են նաեւ ընտրողների վրա լուրջ ճնշում գործադրելու դեպքեր, ինչպիսիք են աշխատողներին ՀՀԿ հանրահավաքներին մասնակցելու պարտադրանքը ու նրանց՝ ընդդիմության հանրահավաքներից զերծ պահելը», - ասված է զեկույցում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված` քարոզարշավի ընթացքում 500 տրակտորների բաժանման փաստի կապակցությամբ նշվում է, որ դա ԸՕ խախտում է, սակայն ըստ ԿԸՀ-ի որոշման, այն չի գնահատվել որպես խախտում:

Զեկույցը նշում է, որ Գլխավոր դատախազության եւ ոստիկանության գործունեությունը ընտրախախտումների հաղորդումների վերաբերյալ եղել է թափանցիկ, սակայն պոտենցիալ ընտրախախտում կատարողների դեմ մեղադրանքներ չեն ներկայացվել, իսկ շատ գործեր փակվել են:

Ընտրությունների հետ կապված բողոքների եւ բողոքարկման գործընթացների վերաբերյալ զեկույցում նշվում է, որ հաճախ ընտրական հանձնաժողովները եւ դատարանները արդյունավետ կերպով չէին զբաղվում բողոքների քննարկմամբ՝ որդեգրելով «չափազանց ձեւական մոտեցում»։

Բուն ընտրությունների օրը զեկույցը գնահատում է որպես «հանդարտ եւ հիմնականում խաղաղ»: Դիտորդների այցելած  ավելի քան 1000 ընտրատեղամասերի մեծ մասում բացման ընթացակարգերը գնահատվել են դրական, սակայն դիտարկված տեղամասերի 10%-ում քվեարկությունը գնահատվել է բացասաբար՝ «ինչը զգալի է»:

Որպես քվեարկության վրա բացասաբար ազդող հիմնական գործոն՝ նշվում է ընտրատեղամասերում կազմակերպչական աշխատանքների պակասը: Հիշատակվում են ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, կամ նրանց ու վստահված անձանց միջեւ վեճերը:

«Վստահված անձինք միջամտել կամ նույնիսկ ուղղորդել են քվեարկության գործընթացը, խանգարել նրա սահուն ընթացքը», - ասված է փաստաթղթում։

Զեկույցը նաեւ անդրադարձել է «Մաքսինֆո» կրծքանշան կրող անձանց կողմից փոքր տեսախցիկներով կատարվող նկարահանմանը ընտրատեղամասերի մեծ մասում, որը եղել է «չափազանց ներխուժող» եւ ընտրողների մեջ լարվածություն է առաջացրել: Նկարագրված են դիտարկվող տեղամասերում տեղի ունեցած մի շարք կոնկրետ իրադրություններ, մասնավորապես՝ 10-15 հոգանոց սեւազգեստ երիտասարդների կազմակերպված խբերի առկայությունը որոշ ընտրատեղամասերի մուտքի առջեւ, նրանց՝ ժամանող ընտրողների «ականջին շշնջալը», «ընտանեկան ու խմբակային» քվեարկությունները, որոշ դեպքերում՝ քվեարկության գաղտնիության խախտումը, ընտրացուցակներում առերեւույթ նույնանման ստորագրությունների առկայությունը եւ այլն:

Ըստ զեկույցի, բազմակի քվեարկությունը կանխարգելող դասական եւ ստուգված մատների թանաքոտման մեթոդի փոխարեն ԿԸՀ-ի ընտրած հատուկ թանաքանյութով անձնագրերի կնքման եղանակը մատնվել է ֆիասկոյի` թանաքի ցածր որակի պատճառով․ այն պիտի մնար 12 ժամ, սակայն, ըստ էության, շատ արագ ցնդում էր։

Նշվում է նաեւ, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը բացասական է գնահատել քվեների հաշվարկման գործընթացը դիտարկված գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ընտրատեղամասում: Միեւնույն ժամանակ, ձայների ամփոփման գործընթացը դրական է գնահատվել դիտարկված ԸԸՀ-ների մեծ մասում:

Եզրակացություններ

ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախումբը հրապարակված զեկույցում նաեւ ներկայացրել է մի շարք եզրակացություններ՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը եւ  ընտրական գործընթացի «արդարությունը երաշխավորելու միջոցով» բարձրացնել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը:

Մասնավորապես, նշվում է, որ պատվիրակության կողմից մինչեւ ընտրությունների օրը դիտարկված հիմնական խնդիրները վերաբերում էին ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պակասին:

«Ընտրացուցակների անճշտությունը եղել է այն ամենավիճահարույց խնդիրը, որ նպաստել է վստահության պակասին եւ տեղիք է տվել արտերկրում բնակվող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ձայների չարաշահման մասին պնդումներին: Ժամանակավոր հանձնախումբը գտնում է, որ արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին պետք է արտասահմանում քվեարկելու հնարավորություն ընձեռվի»», - ասված է զեկույցի՝ եզրակացություններ բաժնում։

Զեկույցի այս բաժնում նաեւ ասված է․ «Ճշգրիտ ընտրացուցակների առկայությունը եւ ընտրողների նկատմամբ ճնշումների բացակայությունը ինչպես նախընտրական ժամանակաշրջանում, այնպես էլ ընտրությունների օրը՝ ճիշտ ընտրությունների նախապայմաններ են։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում այս երկու հրամայականներից ոչ մեկը չհաջողվեց ապահովել։ Ժամանակավոր հանձնախումբը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները մոտ ապագայում պետք է ակտիվորեն զբաղվեն այդ հարցերով՝ մասնավորապես հաշվի առնելով առաջիկա 2013 թ. նախագահական ընտրությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ