News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօր` մայիսի 31-ին, ներկա է գտնվել 5-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին եւ իր օրհնել նորընտիր խորհրդարանը:

Ստորեւ ներկայացվում է նրա խոսքն ամբողջությամբ:

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

 Հարգարժան պատգամավորներ եւ ներկաներ.

 Ողջունում եւ շնորհավորում ենք ձեզ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի գումարման առիթով:

Աստվածակառույց սուրբ Էջմիածնից եկել ենք հայրապետական մեր օրհնությունը բերելու ձեզ, հարգարժան պատգամավորներ, երբ Դուք Աստծու եւ մարդկանց առաջ այսօր ստանձնում եք ձեր պարտականությունները եւ որպես ներկայացուցիչներն ու կամքի արտահայտողները մեր ժողովրդի` սկսում պատասխանատու, հայրենանվեր ձեր առաքելությունը: Դուք խորհրդարան եք եկել ձեր կուսակցությունների օրենսդրական ծրագրերով, Հայաստանի առաջընթացի հեռանկարներով, ձեր ջանքերը մեր երկրին եւ ժողովրդին ծառայեցնելու հանձնառությամբ ու կամքով:

Խորհրդարանի օրենսդրական գործունեությունը հիմք եւ ուղենիշ է, պայման ու երաշխիք երկրի զարգացման համար: Մեր երկիրը նախորդ երկու տասնամյակներում օրենսդրական փոփոխությունների նշանակալի ճանապարհ է անցել` հաստատելով ազատ ու ինքնիշխան պետականության եւ ժողովրդավարական հասարակության հիմքերը: Այդ ձեռքբերումները զորացնում են մեր ժողովրդի արդար հույսերը` կառուցելու բարեշեն ու բարգավաճող Հայրենիք: Անհրաժեշտ ու կարեւոր է շարունակական ընթացքը բարեփոխումների, որն առաջիկա տարիներին պիտի իրագործվի ձեր ջանադիր գործունեությամբ, ձեր նվիրյալ ծառայությամբ: Ձեր ուսերին է ծանրացած պատասխանատվությունը` կանոնակարգելու եւ ուղղորդելու Հայաստանի պետական եւ հասարակական կյանքի ընթացքները, օրենքի կարգավորումով ապահովելու մեր երկրի կայունությունն ու ներդաշնակ զարգացումը, մեր կյանքի դժվարությունների ու խնդիրների հաղթահարման ուղիները: Ձեզ վստահված այս կարեւոր առաքելության մեջ ձեզ առաջնորդող ունեցեք հավատքը, բարոյական արժեքներն ու սկզբունքները, քանզի ինչպես սաղմոսերգուն է ասում, ում սրտում իր Աստծու օրէնքն է, նրա երթն անսայթաք կլինի (Սղմ. ԼԶ 31):

Ձեր  կողմից մշակված օրենքներն ու առնված որոշումները` արտահայտելով մեր երկրի եւ մարդկանց հանդեպ սեր եւ հոգածություն, իրենց առաջադրած պահանջներով եւ արդյունքներով կդառնան արդարության եւ իրավունքի հաստատուն ճանապարհ եւ օրհնություն, բարիք ու զորություն կբերեն մեր կյանքին: Հայրենիքում եւ Սփյուռքում մեր ժողովուրդը անհոգնաբեկ, անվհատ ջանք ու նվիրում է բերում կերտելու համար բարօր ու զարգացող կյանքը հայրենի մեր երկրի, ձգտում օր առաջ մարմնավորված տեսնել Արարատի հովանու ներքո հզոր ու ծաղկուն Հայաստանի դարավոր տեսիլքը մեր հայրերի, որն այսօր մեր տեսիլքն է, մեր պարտքը, եւ իրականություն պիտի դառնա յուրաքանչյուրիս գործունեությամբ: Միշտ հիշելով մեր ժողովրդի կողմից ձեզ տրված վստահության մասին, որը սուրբ է, ամենայն նախանձախնդրությամբ ջանք ու աշխատանք ներդրեք հանուն մեր Հայրենիքի զորացման, մեր ժողովրդի նվիրական իղձերի մարմնավորման: Այս է հայրապետական մեր պատգամը ձեզ, հարգարժան պատգամավորներ:

Մաղթում ենք, որ միշտ արթուն ու արծարծ լինեն ձեր հոգում հավատքն առ Աստված, սերը մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ եւ լավատեսությունը աշխարհասփյուռ ազգիս լուսավոր գալիքի: Մեր աղոթքն է, որ Տերը քաջառողջ ու քաջակորով պահպանի Ձեզ, առաջնորդի իմաստության եւ ճշմարտության իր սուրբ հոգով եւ առատորեն արգասավորի ձեր գործունեությունը` ի փառս Աստծո եւ ի պայծառություն մեր հայրենիքի»:

Հայրապետական խոսքի ավարտին միասնական Տերունական աղոթքից հետո Գարգեգին Բ-ն «Պահպանիչ» աղոթքով օրհնել է 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորներին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ