News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վանաձորի մանկատանն այսօր բնակվում են 0-ից 18 տարեկան թվով 94 երեխա, որոնց ճակատագրերը թեեւ տարբեր են, բայց նաեւ միանման: Վանաձորի մանկատան ամենափոքր բնակիչը 5 ամսական է, իսկ ամենամեծի 18-ամյակն օրերս է լրացել: Մանկատանը բնակություն հաստատած վերջին  փոքրիկին այստեղ են բերել մայիսի 20-ին: Ամենահին բնակիչը մանկատանն ապրում է արդեն տասը տարի: 

Վանաձորի  մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կան երեխաներ, որոնք կարճաժամկետ խնամքի տակ են վերցված, նայած թե երեխան ինչ կարգավիճակ ունի: «Խնամատար հաստատություններում երեխաներն այսօր լիարժեք պաշտպանված են»,- ասաց նա, դժվարանալով նույնն ասել նաեւ որոշ ընտանիքներում ապրող երխաների մասին: «Ընտանիքի երեխան մանկատուն չի գալիս, գալիս է այն երեխան, որի ծնողը ժամանակավոր հիվանդ է, բացակայում է, կալանավայրում է կամ մնացել է առանց ծնողական խնամքի»,-ասաց նա, հավելելով, որ շատ դեպքերում անհավատալի է, որ դրսում երեխան իրոք անպաշտպան է ու խորթ:

Կողք կողքի միասին ապրելով ու մեծանալով,  երեխաները ծնողի քնքշանքն ու ջերմությունն ստանում են մանկատան տնօրենից` Արշալույս Հարությունյանից, իրենց խոսքով ասած, Աշիկ քեռուց, դաստիարակներից ու իրենց ցավով տառապող ու ուրախությունը կիսող մարդկանցից:  Թեեւ այդ մարդիկ երեխաներին օտար են, սակայն մանկատան սաները նրանց հարազատի տեղ են ընդունում:

Երեխաները մանկատուն են բերվել տարբեր պատճառներով, նրանց մի մասը փաստացի ծնողազուրկ է, մի մասն էլ ծնող ունի, սակայն չունեցած հաշիվ է: Քիչ չեն ծնողները, որոնք իրենց երեխաներին մանկատուն են բերում ֆինանսական սուղ պայմաններից ելնելով, կամ էլ պարզապես գերադասում են դասավորել իրենց անձնական կյանքը առանց իրենց «խանգարող» երեխաների:

Հունիսի մեկին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Վանաձորի մանկատանը երեխաներին անակնկալներ են սպասվում, մանկատան բակում կլինի կավճանկարչություն, որն էլ ավելի տեսանելի է դարձնում երեխայի հոգեբանությունը: «Առհասարակ երեխաները ներկայացնում են այն, ինչի կարիքը միշտ ունեն: Նկարում են արեւ, որովհետեւ ջերմության կարիք ունեն, նկարում են տուն, որն իրենց միակ ձգտումն է, նկարում են ծնողներ` երեխաների ձեռքները բռնած, այդ ջերմության կարիքը նրանք ունեն»,-ասաց մանկատան տնօրենը:

«Երեխաները մանկատանն անհոգ են մեծանում, բայց անցնելով ինքնուրույն կյանքի, դժվարություններ են ունենում, ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկապես ու կենցաղային հարցերում, լուրջ խնդիր է նաեւ այն, որ մանկատան շրջանավարտները միշտ բախվում են բնակարանի խնդրին»,-ասաց մանկատան տնօրենը:

Արշալույս Հարությունյանը շնորհավորելով երեխաներին իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկացավ, որպեսզի երեխաները իրենց երջանիկ զգան իրենց ծնողների, ընտանիքների միջավայրում: «Երբեք չեմ ցանկանա ոչ մի երեխայի տեսնել փողոցում, վիզը ծուռ, մուրացկանություն անելով, ու կուզեմ, որ երեխաների հանդեպ ուշադրությունը էլ ավելի մեծ լինի»,-ասաց նա:

 Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը

Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ