News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ NEWS.am-ի խմբագրությունը փոքրիկների մասնակցությամբ եւ նրանց նվիրված միջոցառում էր կազմակերպել (ֆոտոռեպորտաժ)։ Այն տեղի ունեցավ Երեւանում՝ «Հաղթանակ» զբոսայգում «Մայր Հայաստան» կոթողի մոտ, որին մասնակցեցին մոտ 30 փոքրիկներ, որոնց մի մասը դպրոցական ցածր դասարանի աշակերտներ են, իսկ մի մասն էլ դեռ դպրոց չի հաճախում։

Միջոցառման առաջին մասում փոքրիկ մասնակիցների «առաքելությունն էր» նկարազարդել գետինը։ Երեխաները մեծ եռանդով եւ ջանասիրությամբ սկսեցին կատարել հանձնարարությունը, հատկապես որ մրցույթը կոչվում էր «Աշխարհը՝ երեխաների աչքերով»։ Փոքրիկների արվեստով հետաքրքրված անցորդները հաճախ մոտենում էին ու փորձում հենց մանուկ նկարիչներից ճշտել ու հասկանալ, թե ինչ խորհուրդ են կրում կավճանկարները։

Նշենք, որ փոքրիկ արվեստագետների մեջ կային նաեւ 2-3 տարեկաններ։

Կավճանկարների մրցույթում հաղթեց 6-ամյա Հակոբը, ով նկարել էր երկրագունդը անձրեւանոցի տակ։ Նա բացատրեց, որ անձրեւանոցը Երկիրը պաշտպանում է անձրեւից։ «Ուզում եմ, որ աշխարհում ամեն ինչ լավ լինի։ Պատերազմներ չլինեն, ոչ-ոք չմահանա, բոլորը ժպտան եւ անձրեւ չգա. անձրեւ չեմ սիրում»,- ասաց Հակոբը։

Երեխաների մեծ մասը պատկերել էին արեւ, ծաղիկներ, մեքենաներ, մուլտֆիլմերի հերոսների եւ Արարատ լեռը։

7-ամյա Նանեն նկարել էր NEWS.am-ի տարբերանշանը եւ գրել կարգախոսը՝ «Good morning, world!» (Բարի լույս, աշխա՜րհ)։ Նանեի ծնողները մեզ հավաստիացրին, որ իրենք ոչ մի կապ չունեն նկարի ընտրության հետ, եւ Նանեն ինքն է որոշել, թե ինչ պետք է նկարի։

Նկարչության մրցույթից հետո հերթը հասավ խաղերին եւ նվերների հանձնմանը, սակայն նվերները ստանալուց առաջ փոքրիկները պետք է կամ արտասանեին, կամ երգեին։ Հատկանշական է, որ երեխաները մանկական երգերի փոխարեն հաճախ «մեծերի» երգեր էին կատարում, օրինակ՝ «Ով սիրուն, սիրուն», կամ «Հայաստանը ես եմ»։ Երգելուց ու արտասանելուց հետո փոքրիկները ստանում էին իրենց նվերները հանդիսատեսների բուռն ծափահարությունների ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ