News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Կայսերի քաղաքի (Կեսարիա) հայկական Թալաս թաղամասում գտնվող մեծ հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի տունը նախորդ տարի գնած թուրք գործարար Նեջիփ Դինչերը դեռ չի սկսել տան վերանորոգման աշխատանքները (ֆոտոռեպորտաժ):

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն հայ թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում հայ եւ թուրք լրագրողների խումբը Կայսերիում այցելեց նաեւ Գյուլբենկյանի տուն:

Կայսերիում ապրող 4 հայերից Սարգիս Թեքյանը լրագրողների խմբին ուղեկցեց Գյուլբենկյանի 3 տներից մեկը, որը նախորդ տարի գնել էր Նեջիփ Դինչերը:  Սարգիսը, նշելով, որ Գալուստ Գյուլբենկյանն իր բարեկամն է՝ իր պապի զարմիկը, ասաց, որ Գյուլբենկյանի 3 տներից մեկը քանդել են, իսկ այս մեկը գնել է Նեջիփ անունով մի գործարար եւ խոստացել վերանորոգել ու դարձնել բուտիք-հյուրանոց՝ խթանելով Կայսերիի զբոսաշրջությանը:

Թալաս թաղամասի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ Գալուստ Գյուլենկյանի տան հարեւանությամբ գտնվում են ժամանակին հայերին պատկանած բազմաթիվ շքեղ առանձնատներ: Օրինակ՝ Գյուլբենկյանի տան դիմաց է գտնվում Քարամանյանների շքեղ ու մեծ առանձնատունը:

Դինչերը նշել է, թե ինքը Գյուլբենկյանի առանձնատունը գնել է Ստամբուլում ապրող մի ընտանիքից։ Նա շեշտել է, որ առանձնատունը վերանորոգելու համար դիմել է Մշակույթային եւ բնական ունեցվածքի պահպանության բարձագույն խորհուրդ։  «Վերանորոգման նախագծի քննարկման ընթացքում բոլոր  ճարտարապետները հիացած էին այդ առանձնատան գեղեցկությամբ։ Խաչի տեսքով կառուցված տունը համարվել է Կապադովկիայի ամենագեղեցիկ կառույցը։  Մտածում ենք, որ այն հայերի եւ հույների համար գեղեցիկ մի վայր է դառնալու»,-նշել է Դինչերը՝ շեշտելով, որ 900 հազար լիրա (600 հազար դոլար) արժողությամբ վերանորոգումից հետո Գյուլբենկյանի առանձնատունը Կայսերիում կխթանի տուրիզմի զարգացմանը։

Նշենք, որ Գալուստ Գյուլբենկյանը ծնվել է 1869-ին։ Սովորել է Ֆրանսիայում եւ Անգլիայում։ Գերազանցությամբ ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով ինժեներ-նավթագործի որոկավորում։  21 տարեկանում արդեն ճանաչվել է որպես միջազգային կարգի փորձագետ նավթի հանքերի վերաբերյալ։

Գալուստ Գյուլբենկյանը 1898-ին Օսմանյան կայսրության կողմից Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում նշանակվել է տնտեսական գծով խորհրդական։  Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո ստանձնել է ՀԲԸՄ-ի ղեկավարությունը։

Հայ առաջին միլարդատերը երբեք չի մոռացել իր արմատների մասին եւ մեծ աջակցություն է ցուցաբերել սփյուռքահայությանը։ Նրա հիմնադրամի միջոցներով մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ