News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում անցկացվող ընտրությունները ոչ մի կապ չունեն Ընտրական օրենսգրքի հետ եւ պայմանավորված չեն դրանում կատարվող փոփոխություններով, քանի որ մեզանում գործող օրենքները մի բան են, իսկ իրական կյանքը` լրիվ այլ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս կարծիքն հայտնեցին Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի մեծ մասը` պատասխանելով հարցին, թե Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները որքանով նպաստեցին կամ խոչընդոտեցին ընտրությունների լավ կազմակերպմանն ու անցկացմանը:

ԸՕ-ում արված փոփոխություննենրը գնահատում են ընտրություններին մասնակցող 9 ուժերը

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-ը (ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, «Միավորված հայեր»,Կոմկուս, Դեմկուս) համակարծիք էին, որ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումն իմիտացիոն բնույթ ուներ, որով Հայաստանի իշխանությունները փորձեցին «թոզ փչել» Եվրոպայի աչքերին: Նրանք բոլորն էլ կարեւորեցին ոչ թե լավ Ընտրական օրենսգիրք ունենալը, այլ թե ինչպես է այն կիրառվում եւ արդյոք կա քաղաքական կամք, ցանկություն այն կիրառելու:

4 գումարման ԱԺ-ում այդ օրինագծին դեմ արտահայտված «Ժառանգությունը» ու Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ պնդեցին, որ ի սկզբանե իրենց կողմից հնչեցված գնահատականներն ու մտահոգությունները ճիշտ դուրս եկան: Թե «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, թե ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեցին, որ իրենք պահանջել էին ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակում, ահազանգերին արագ արձագանքում, հանձնաժողովների ձեւավորման հայեցակարգի փոփոխում, ինչը չարվեց: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դա իշխանությունը վերարտադրման համար արված փոփոխություններ էին, ինչը եւ տեղի ունեցավ: Իսկ Արծվիկ Մինասյանը ասաց, որ այս օրենսգրքով հնարավոր չէ ընտրությունների պատշաճ անցկացում ապահովել, քանի որ մի քանի դրույթներ իրացված չեն, եւ արդյունքները եղան այն, ինչ եղան: 5-րդ գումարման ԱԺ-ի ուժերից մեկի` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գագիկ Ջանգիրյանը նշեց, որ օրենսգիրքը որեւէ նշանակություն չի ունեցել, քանի որ ընտրություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել ֆինանսական մեծ ակցիա, մի քանի հարյուր հազար մարդու ձայն է գնվել. Բարձրացնելով օքսիդացող դրոշմակնքիների խնդիրը` նա նշեց, որ «ինչ կարեւոր է, թե օրենքում ինչ են գրում, երբ երկրում օրենքը չի կիրառվում»»,- նշեց նա:

Խորհրդարան չանցած ուժերից «Միավորված հայեր» կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը նշեց ԸՕ-ի մի քանի թերություններ` երկքաղաքացիություն ունեցող եւ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացուն ընտրելու իրավունքից զրկումը, ընտրական գրավը 8 միլիոն դարձնելը եւ այլն: Իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը նշեց, որ իրականում ԸՕ-ն դրվում է մի կողմ, եւ տարածքային ընտրական հանձնաժողովները քավոր, սանիկիկի պահանջով անում են այն, ինչ ուզում են:«Ընտրական օրենսգի՞րքն է նախատեսում համատարած կաշառակերություն, վարչական ռեսուրսի կիրառում»,- ասաց նա` հավելելով, որ «արված փոփոխությունները ընդամենը շիրմա էին Եվրոպայի աչքերին թոզ փչելու համար, բայց Եվրոպայի աչքերը այնքան չռած է, որ լավ գիտի, թե որտեղ ինչ է կատարվում»;: Նրա կարծիքի հետ համամիտ էր նաեւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով նշեց, որ Ընտրական օրենսգիրքը իմաստ կունենար, եթե անցնեին ազնիվ ընտրություններ, բայց եթե չեն անցել, այդ օրենսգիրքը լինի, թե չլինի` ինչ նշանակություն ունի: «Մինչեւ քաղաքական կամք չլինի նորմալ ընտրություններ անցկացնելու առանց ընտրակաշառքի, օրենսգիրքը մի բան է, իրական կյանքը` լրիվ ուրիշ բան»:

«Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները միանշանակ դրական գնահատեցին Հանրապետական եւ «Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչները Հովհաննես Սահակյանը եւ Խաչիկ Հարությունյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Վարդանյանը եւս ԸՕ-ում առաջխաղացում նկատեց` նշելով, որ այն ինչ-որ քայլ առաջ էր, բայց ամեն դեպքում, նրա կարծիքով, օրենսգիրքը լրամշակման կարիք ունի, ինչը շարունակական պրոցես է:

Ինչպիսի՞ ազդեցություն ունեցան փոփոխությունները. փորձագետի եւ իրավաբանի կարծիք

Ընտրությունների ընթացքը Ընտրական օրենսգրքով չի պայմանավորում նաեւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լավ ընտրական օրենսգիրքը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: «Միջազգային դիտորդները ասում են, որ պետք է ամեն ինչ անենք, որ ընտրությունները անցնեն շատ ավելի լավ, քան նախորդները: Իսկ ընտրությունները բաղկացած են մի քանի կոմպոնենտներից, որոնցից մեկը օրենսգիրքն է: Քանի որ իշխանությունները տեսնում են, որ կարող են ընտրական օրենսգիրքը բարելավել, բայց միեւնույն է չեզոքացնել ընտրությունները, նրանք գնում են այդ քայլին, ցույց են տալիս եվրոպացիներին, որ տեսեք մենք առաջընթաց ենք արձանագրել, դրական գնահատականի կարժանան դրա համար: Բայց շատ լավ գիտեն, որ ընտարական օրենսգիրքը ինչքան էլ լավը լինի, կարողանալու են չեզոքացնել ընտրությունները` ելնելով մի շարք հանգամանքներից, որովհետեւ չունեն համապատասխան կամք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու, դա ձեռնտու չէ իշխանություններին, մյուս կողմից էլ ըննդիմադիր հանրությունը չի կարողանում գտնել այն մեխանիզմները, որոնք կարող են դեմն առնել այդ ընտրությունների չեզոքացմանը»,- նշեց նա: Դրական կողմերից Էդգար Վարդանյանը առանձնացրեց այն, որ արված փոփոխությունների միջոցով ընտրություններին, մասնավորապես քվերակության հետեւելը շատ ավելի հեշտացավ, նկարահանեցին, խորացվեց հեռուստաընկերություններից կողմից ընտրությունների լուսաբանման դիտարկումը բայց ինքը չի կարծում,թե դրանից ինչ-որ բան փոխվեց, այդ ամենը նպաստեց ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը: «Առանձին վերցրած դրական երեւույթ է, բայց դա որեւէ կերպ չի ազդում, որ ընտրությունները լինեն ազատ, արդար թափանցիկ»,-նշեց նա:

Ընտրական նոր օրենսգրքի որոշ դրույթների դրական եւ բացասական ասպեկտներին անդրադարձավ Երեւանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ընդհանուր առմամբ, ընտրական գործող օրենսգրքում տեղ գտած իրավակարգավորումները նախորդների համեմատ ավելի ժողովրդավարական են եւ, հետեւաբար՝ մի քանի քայլ առաջ: Մասնավորապես՝ իրավաբանն օրենսգրքում տեղ գտած իրավակարգավորումներից դրական համարեց դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վստահված անձանց իրավունքների ընդլայնումը՝ նշելով, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված քվեարկության օրը դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերն էապես նվազեցին:

Էդգար Շաթիրյանը դրական համարեց նաեւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգի փոփոխությունը,ԿԸՀ-ի եւ ԸԸՀ-ի կողմից վարչական վարույթներ հարուցելու հնարավորության նախատեսումը, դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի ներդրումը, ընտրությունների հրապակայնության հետ կապված նորմերի ընդլայնումը եւ այլն: Միաժամանակ, իրավաբանի կարծիքով, գործող ընտրական օրենսգրքի մի շարք դրույթներ կարիք ունեն վերանայման: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԶԼՄ-ներից օգտվելու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված նորմերին: Խնդիրներ կան՝ կապված նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, մասնավորապես, հեռուստաընկերությունների կողմից քարոզչական նյութերի տարածման հետ: Այստեղ առաջ է գալիս ընտրական քարոզչության ժամանակահատվածում կարծիքների արտահայտման ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի սահմանների որոշման հարցը»,- նշեց նա:

Մեկ այլ թերություն, որ վերանայման կարիք ունի, օրինակ` վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների` որպես թեկնածու գրանցված աշխատակիցներին արգելում է ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը կամ դրանցով հանդես գալը, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Իրավաբանի խոսքով` տարակուսելի է, որ նման արգելք է սահմանված միայն հեռուստառադիոընկերությունների` որպես թեկնածու գրանցված աշխատակիցների համար: «Փաստորեն, մյուս լրատվամիջոցների` որպես թեկնածու գրանցված աշխատակիցների նկատմամբ ԸՕ-ով սահմանված վերը նշված արգելքը չի տարածվում: Արդյունքում լրատվամիջոցների` որպես թեկնածու գրանցված աշխատակիցների միջեւ առաջ է գալիս իրավական եւ փաստացի անհավասարություն: ԸՕ-ի վերը նշված եւ մի շարք այլ դրույթներ կարիք ունեն վերանայման,- ամփոփեց իրավաբանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը 1999 մինչ օրս 14 անգամ է ենթարկվել փոփոխությունների: Վերջին անգամ` 2011թ մայիսի 24-ին, ընտրական օրենսգրրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը 73 «կողմ», 11 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ խորհրդարանում ընդունվել էր: Բայց մինչ ընդունումը մեծ քննարկումներ, բանավեճեր էին ծավալվել, մասնավորապես` այս օրենսգրքում կատարված փոփոխությունների հիմնական նախաձեռնողը «Հանրապետական» եւ«Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն էին, իսկ խորհրդարանական մյուս խմբակցություններն ունեին որոշ վերապահումներ:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ