News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային փորձագետները ներկայում «Նաիրիտ» գործարանում իրականացնում են արդիականացման ու վերականգնման ծրագրի գնահատման աշխատանքներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունից:

«Ծրագրի նպատակն է` վերազինել  ու կրկին աշխատեցնել «Նաիրիտը»: Նպատակահարմարությունից ելնելով`«Նաիրիտի» արդիականացման ու վերականգնման ծրագրի մանրամասները կներկայացնենք  ծրագրի գնահատման ավարտից ու փորձագիտական եզրակացությունից հետո»,-նշված է նախարարության պաշտոնական գրության մեջ:

ՀՀ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը NEWS.am-ին ասաց, որ ամենայն հավանականությամբ` «Նաիրիտը» կառավարելու օպերատորի դերը կստանձնի ռուսական «Իտերա» ընկերությունը, քանի որ հենց այդ ընկերության պատվերով են «Նաիրիտում» ուսումնասիրություններ իրականացնում: «2000 թվականից բանակցություններ էինք վարում «Սիբուրի» հետ, որը «Գարզպրոմի» դուստր ձեռնարկությունն էր ու համագործակցում էր «Իտերայի» հետ: Տասնմեկ տարի հետո կրկին վերադառնում ենք գործարանը «Իտերային» հանձնելու գաղափարին, որը եթե այն ժամանակ արվեր, հիմա «Նաիրիտը» աշխատող ձեռնարկություն կլիներ»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2009 թ. մարտը «Իտերա»-ն «ՀայՌուսգազարդի» բաժնետերն էր, դրանից հետո նա իր 4,45% բաժնետոմսերը վաճառեց «Գազպրոմ» ընկերությանը:

2011 թ. նոյեմբերին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ «Նաիրիտ գործարան» ընկերության  արտադրության արդիականացման նպատակով կառավարող ընկերություն պետք է ընտրել: Հավակնորդների թվում են ինչպես «Իտերա»ն, այնպես էլ գերմանական CSC ընկերությունը:

«Նաիրիտի» 90% բաժնետոմսերի սեփականտերը Rhinoviille Property Ltd կոնսորցիումն է, որի մասնակիցներն են լեհական  Sawex, ամերիկյան Intertex եւ ռուսական «Եվրոգազ» ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ