News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով, հունիսի 4-ին վիրավորված հայ զինծառայողների մի մասը բուժումը շարունակում է Տավուշի եւ Լոռիի մարզերի հիվանդանոցներում, մյուս մասը` ՊՆ Երեւանի կենտրոնական հոսպիտալում:

Վիրավորներից երկուսը` Արտակ Մնացականյանը (20 տարեկան, զորակոչված` Տաշիրից) եւ Մաքսիմ Մելքոնյանը (19 տարեկան, զորակոչված` Գյումրիից) գտնվում են վնասվածքաբանության բաժանմունքում: «Տղաների մոտ, հիմնականում, վերջույթների հրազենային վնասվածքներ են: Համապատասխան օգնություն է ցուցաբերվել, այդ թվում վիրահատական, հիմա նրանք բուժման կուրս են անցնում»,-հայտնել է բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Լեւոն Ժամագործյանը, հավելելով, որ զինվորների վիճակը մոտ է բավարարին:

«Բուժման հետ կապված խնդիրներ չկան, ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն»,-ընդգծել է բաժանմունքի ղեկավարը: Նրա խոսքով, վնասվածքները բավական ծանր են, սակայն անհրաժեշտ բուժումից հետո երկուսն էլ ապաքինվում են:

Մաքսիմ Մելքոնյանի հայրը` Մարտին Մելքոնյանն իր հերթին նշել է. «Որդուս վիճակը հիմա նորմալ է, բուժվում է»: Հարցին, թե համաձա՞յն է, որպեսզի որդին բուժումից հետո վերադառնա ծառայության, Մարտին Մելքոնյանը պատասխանել է. «Թող ծառայի: Ծառայությունը բանակում տղամարդու համար է»:

Պարզվում է Մարտին Մելքոնյանը արցախյան պատերազմի մասնակից է, կռվել է Աղդամի ուղղությամբ: Արտակ Մնացականյանը նույնպես նշել է, որ առողջանալուց հետո պատրաստ է շարունակել ծառայությունը:

Եվս մեկ վիրավոր` Իգիթ Հովհաննիսյանը (20 տարեկան, զորակոչված` Հրազդանից) գտնվում է կրծքային վիրաբուժության բաժանմունքում: «Բուժումը լավ է ընթանում, պարզապես որդիս անհանգստանում է, խոսում է իր զոհված ընկերների համար»,-պատմել է Իգիթի մայրը` Մարինե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Հունիսի 5-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին սկսած սադրիչ գործողությունները, կրկին փորձել են խախտել Հայաստանի պետական սահմանը: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն խումբը, բաղկացած 15 – 20 մարդուց, փորձել է ներխուժել Հայաստանի տարածք:  Խումբը հայտնաբերվել էր եւ նախաձեռնված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել: Դիվերսիոն խմբի որոշ անդամների հաջողվել է փախչել` տանելով զոհերի եւ վիրավորների մարմինները: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Եվս մեկ դիվերոսիոն գործողություն է իրականացվել հունիսի 6-ի գիշերը: Ադրբեջանական կողմը դիվերսիա է կազմակերպել արդեն ԼՂՀ զինված ուժերի հենակետերի (Հորադիզ) ուղղությամբ: Փոխհրաձգության հետեւանքով հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Հայկական կողմից զոհվել է մեկ եւ վիրավորվել 2 զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ