News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երկրից բացակայելու պատճառով այս շաբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ չի լինի: Իսկ Կառավարության կազմը ՀՀԿ-ն կքննարկի կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում, որը կկայանա մինչեւ մյուս հինգշաբթի:

Իսկ մինչ այդ NEWS.am-ին  հայտնի է դարձել Կառավարության մոտավոր կազմը, նախարարների հավանական թեկնածուների անունները:

Այսպես,  Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ՏԿ նախարարի եւ փոխվարչապետի հաստիքները հնարավոր է տարանջատվեն 2013թ փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Այդ ժամանակ հավանական է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ արդեն ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Բեգլարյանը ստանձնի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:

Կառավարության կազմը առհասարակ քիչ փոփոխություններ կկրի: Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել Արդարադատության, Տիգրան Դավթյանը` էկոնոմիկայի, Վաչե Գաբրիելյանը` Ֆինանսների, Արմեն Մովսիսյանը` Էներգետիկայի եւ բնական պաշարների, Արմեն Աշոտյանը` Կրթության եւ գիտության, Հասմիկ Պողոսյանը` Մշակույթի,  Հրանուշ Հակոբյանը` Սփյուռքի,  Սերգո Կարապետյանը` Գյուղատնտեսության, Արամ Հարությունյանը` Բնապահպանության  նախարարի պաշտոններում:

Նոր ձեւավորվելիք Կառավարությունում նորություններից մեկն այն է, որ ՕԵԿ-ին այլեւս չի պատկանի Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը, փոխարենը նրան կտան Քաղաքաշինության նախարարի պորտֆելը, որտեղ ՕԵԿ-ը որոշել է առաջարկել կաթի փոշու գողության մեջ մեղադրվող Հովհաննես Մարգարյանի թեկնածությունը: Սակայն, շատ հավանական է, որ ՀՀԿ-ն թույլ չտա այդ պաշտոնում նշանակել ոչ բարի համբավ ունեցող մեկին, եւ ՕԵԿ-ը` որպես ռեզերվ, կառաջարկի Խաչիկ Հարությունյանի թեկնածությունը:

Ինտրիգային է նախկին կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատկանող պորտֆելների հարց, որոնք ԲՀԿ-ի` կոալիցիա չձեւավորելուց հետո կպատկանեն ՀՀԿ-ին:

Այսպես, առողջապահության նախարարի պաշտոնում հավանական է նշանակվի Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնի համար հավակնորդները 4 են` Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարներ Խաչիկ Ասրյանը, Արսեն Քարամյանը,  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը կլինի այս չորս թեկնածուներից մեկնումեկը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում հավանական թեկնածուներ են նախարարի տեղակալ, ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը եւ աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Նրանց թեկնածության հավանականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկոսւն էլ աշխատում են այդ ոլորտում  եւ տեղյակ են խնդիրներից:

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հաստատապես կնշանակվի նախարար, եւ հաշվի առնելով` մասնագիտական ուղղվածությունը` հնարավոր է նշանակվի Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում:

Մեր աղբյուրները նաեւ տեղեկացրին, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը իր ծրագիրը Ազգային ժողովի հաստատմանը կներկայացնի հունիսի 20-22-ին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահին, որն ընդունվել է: Դրանից հետո Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակել է վարչապետ, իսկ գործող նախարարներն այս պահի դրությամբ նախարարի պաշտոնակատարներ են: Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:

Տպել
Ամենաշատ