News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիան մի «մեսիջ» էր, թե ինչպես Բաքուն կլուծի ղարաբաղյան հիմնահարցը, եթե հանգուցալուծումը լինի ոչ ի օգուտ իրեն: Այս մասին այսօր` հունիսի 8-ին,  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, նախկին արտգործանախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով` ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան ցույց է տալիս, որ ԱՄՆ փորձում է ուշադրության կենտրոնում պահել այս տարածաշրջանը եւ իր դիրքերը զիջելու մտադրություն չունի:

Ինչ վերաբերում է Բաքվում Քլինթոնի հայտարարությանը, թե կողմերին արցախյան հիմնահարցի լուծման նոր մոտեցումներ են ներկայացվելու, նախկին արտգործնախարարն ասաց, որ արտաքին քաղաքականության դաշտում իր ունեցած մի քանի տասնամյակի փորձը վկայում է, որ ԼՂ խնդրի հանգուցալուծում չի կարող լինել առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության: Նրա խոսքով` պետք է անպայման վերականգնվի 1994 թ.-ին եղած բանակցային ձեւաչափը:

ԱԺ պատգամավորը, գնահատելով պատերազմի վերսկսման հավանականությունը, նշեց, որ դա հնարավոր է, եթե Ադրբեջանը գտնի, որ ուժերի հավասարակշռությունը խախտված է ու Ադրբեջանը կարող է հարցին տալ ռազմական լուծում:

«Ադրբեջանցիները պրովոկացիա են անում ու մեղադրում են Հայաստանին՝ փորձելով ներքաշել կոնֆլիկտի մեջ: Նրանց գործողություններն ուղղված են Հայաստանին, ոչ թե Ղարաբաղին: Ադրբեջանը ցույց է տալիս, որ կոնֆլիկտը Հայաստանի հետ է»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ  ամեն ինչ պետք է անել, որ Ադրբեջանը հասկանա՝ ռազմական լուծումը չունի որեւէ հեռանկար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ