News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիան այդ երկրի քարոզչական աշխատանքի մի մասն է. նրանց հիմնական նպատակը Հայաստանի բնակչության շրջանում տագնապ առաջացնելու ձգտումն է, պատերազմ սկսելու պատրաստակամության տպավորություն ստեղծելը:

Այդ մասին, այսօր` հունիսի 8-ին, հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Իրականում, Տեր-Թադեւոսյանի կարծիքով, Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, ինչի մասին վկայում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները, եւ, բացի դրանից, ռազմական գործողություններ սկսելու համար միայն Բաքվի ցանկությունը քիչ է. «Ներկա պահին պատերազմներ վարելու նոր մարտավարություն է ներմուծվել, որի համաձայն հարվածներն առաջին հերթին հասցվում են կարեւոր ենթակառույցներին: Ադրբեջանի պարագայում դա կարող է լինել նավթատարը, որով հոսում է բրիտանական նավթը: Այս պարագայում ռազմական գործողությունների վերսկսումը կբախվի նավթով հետաքրքրված ուժերի շահերին»:

Ըստ Կոմանդոսի` եւս մեկ գործոն է Ադրբեջանի ներքին իրավիճակը, ավելի ճիշտ`մեծ քանակությամբ ազգային փոքրամասնությունների առկայությունը: «Ադրբեջանում 12 էթնոսներ են բնակվում, եւ նրանց հետ հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, քանի որ նրանց ազգային գիտակցությունն աստիճանաբար արթնանում է: Ադրբեջանի իշխանությունները փորձում են միավորել հանրությանը` ի դեմս հայերի ընդհանուր թշնամու կերպար ստեղծելով», - ասել է նա` նշելով, որ նման փորձերն անհաջող են, քանի որ դեռեւս թարմ է ռազմական գործողությունների մասին հիշողությունը:

Տեր-Թադեւոսյանն ընդգծել է, որ, ըստ միջազգային փորձագետների գնահատման, չնայելով ռազմականացման մակարդակին,  Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ պատերազմի: «Սպառազինումը կարեւոր գործոն է, սակայն միակը չէ բանակի մարտունակության գնահատման համար: Ավելին,  չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը սպառազինվում է նրա համար, որպեսզի զավթի Ղարաբաղը: Սակայն նրանք, ովքեր սպառազինում են Ադրբեջանին, նպատակաուղղված են ոչ թե Ղարաբաղի դեմ, այլ Իրանի», - կարծում է նա` ընդգծելով մարդկային գործոնի կարեւորությունը: 

Ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ սցենարով կարող են զարգանալ իրադարձությունները, եթե պատերազմն իրականություն դառնա, Կոմանդոսը պատասխանել է, որ Հայաստանի զինուժի եւ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի պատրաստությունը բարձր է:

Սակայն առաջին փուլում հնարավոր են որոշակի կորուստներ, որոնք կվերականգնվեն: Կոմանդոսը վստահ է, որ հայկական կողմն առաջընթաց ունի, որպեսզի պայքարի իր դիրքորոշումների համար եւ նույնիսկ առաջ շարժվի: Խոսելով ՀԱՊԿ-ի ներգրավման մասին` Տեր-Թադեւոսյանը նշել է, որ այդ կառույցն իրականում միայն ձեւավորվում է: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ այդ կազմակերպությունն անհրաժեշտության դեպքում կաջակցի Հայաստանին: Որպես զինվորական` ես, հնարավոր է, եւ հավատամ դրան: Սակայն որպես փորձառու մարդ` ես դժվարությամբ կարող եմ պատկերացնել, որ, օրինակ, Ղազախստանը պատերազմի Ադրբեջանի դեմ», - ամփոփել է նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ