News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 8-ին, Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի եւ Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ժամանակ բարձր են գնահատվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի բանակցությունների արդյունքները, կարեւորվել ստորագրված փաստաթղթերը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի ամրապնդման համար՝ հայ-վիետնամական հարաբերությունները բարձրացնելով որակական նոր մակարդակի:

Հանդիպումների ժամանակ կողմերն ընդգծել են, որ թեեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, սակայն երկու բարեկամ ժողովուրդները միմյանց հետ շփվել են շատ ավելի վաղուց:

Վիետնամի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Վիետնամի կողմից միջկառավարական հանձնաժողովների ստեղծումը: Կարեւորվել է նաեւ երկու երկրների շուկաների հնարավորությունների եւ պահանջարկի մասին տեղեկացվածության բարձրացման, Հայաստանի եւ Վիետնամի միջեւ առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման նպատակով գործարար համաժողովների, ցուցահանդեսների անցկացումն ու գործարարների միջեւ շփումների խթանումը: 

Նկատի առնելով, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Վիետնամը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են ու տնտեսական քաղաքականության մեջ առաջնորդվում են ընդհանուր շատ կանոններով՝ Նախագահ Սարգսյանը եւ Վիետնամի վարչապետն անդրադարձել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում փոխգործակցության զարգացմանն ու հայ-վիետնամական առեւտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին:

Վարչապետ Նգույեն Տան Զունգը վստահեցրել է, որ Վիետնամի կառավարությունը կանի հնարավորը՝ կյանքի կոչելու Հայաստանի եւ Վիետնամի նախագահների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի եւ Վիետնամի իշխող կուսակցությունների միջեւ համագործակցության ձեւավորման հետ կապված հարցեր:

Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-վիետնամական միջխորհրդարանական կապերի ստեղծման եւ ամրապնդման, այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի ստեղծման հնարավորությունները:

Օրվա ավարտին ի պատիվ Հայաստանի նախագահի՝ Վիետնամի նախագահ Չիոնգ Տան Շանգի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի սոցիալիստական հանրապետություն: Այսօր ուշ երեկոյան նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ