News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ հունիսի 4-ի գիշերը դիվերսիոն գործողությունների հետեւանքով 6 վիրավորների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը:

Նա նշեց, որ բոլոր վիրավորներն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ, նրանց վիճակը գնում է դեպի բարելավում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Վիրավորներն են ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ