News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրել են «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության եւ ՉԺՀ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության» ծրագիր:

Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվել են կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու  առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց: 

Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ կկազմակերպեն  հետեւյալ թեմաներով.

-Հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները եւ պրակտիկան. դատախազության դերը կիբերհանցագործութան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում,

-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում փորձի փոխանակում. պրակտիկայի, պայքարի արդյունքների եւ արդյունավետության վերաբերյալ քննարկումներ,

-Տնտեսական հանցագործությունների քննության պրակտիկան եւ խնդիրները: 

Կողմերը հույս են հայտնել, որ ստորագրված ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով հանցավորության դեմ պայքարում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագիրը երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրվում է երկու երկրների գլխավոր դատախազների կողմից: Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի գլխավոր դատախազության եւ Չինաստանի գերագույն Ժողովրդական դատախազության միջեւ համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Պեկինում:

ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը Երեւան է ժամանել հունիսի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով:  Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի դատախազության համակարգին, հիմնական գործառույթներին եւ խնդիրներին, քննարկվել են նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:

Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ հունիսի 12-ին  հյուրերը կայցելեն  Ծիծեռնակաբերդ եւ Հայոց Ցեղասպանության թանգարան` հարգելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

ՀՀ դատախազությունը կարեւորում է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը եւ ի  լրումն միջազգային փաստաթղթերով` կոնվենցիաներով  նախատեսված համագործակցության սկզբունքների, գործնական քայլեր է ձեռնարկում նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ այլ պետությունների դատախազությունների հետ երկկողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Արդեն  14 երկրների դատախազությունների հետ Հայաստանն ունի ստորագրված համագործակցության մասին հուշագրեր, իսկ 2 երկրի հետ առավել զարգացնելով համագործակցության մեխանիզմները` նաեւ՝ համագործակցության ծրագիր: Մինչ այս Հայաստանը համագործակցության ծրագիր` միջոցառումների ժամանակացույցի եւ թեմաների հստակեցմամբ, ստորագրել էր Ռուսաստանի դատախազության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ