News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չի բացառում ադրբեջանական կողմից ռազմական դիվերսիայի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի` շփման գծում վերջին միջադեպերի հետաքննության վերաբերյալ հարցին, Գ. Կոստանյանը ընդգծեց, որ  առաջին իսկ հայացքից ակնհայտ էր, որ տեղի են ունեցել դիվերսիոն գործողություններ, ուղիղ ագրեսիա հայկական կողմի նկատմամբ: «Եթե այլ դեպքերում կարելի է խոսել վարկածը հիմնավորող հանգամանքների մասին, ապա այս դեպքում կասկած չկա, փաստերն ակնհայտ են»,- նշեց զինդատախազը:

Անդրադառնալով հայ զինծառայողների սպանության կապակցությամբ ՄԻԵԴ դիմելու հնարավորությանը`Կոստանյանը նշեց, որ «ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո հարցին կարելի է ավելի գլոբալ եւ կոնցեպտուալ մոտենալ, եւ նման դեպքերում, երբ ակնհայտ է մարդկանց եւ գույքին հասցված վնասը, դիմել Եվրոպական դատարան»:

Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, ընդ որում վերջին նման դեպքը գրանցվել էր մի քանի օր առաջ, ապա զինդատախազը նշեց, որ տվյալ ոլորտը իր ղեկավարած կառույցի իրավասությունից դուրս է . «Բայց ես վստահ եմ, որ հատկապես այն դեպքում, երբ խոսքը կյանքի նկատմամբ ոտնձգության մասին է, միանշանակ հնարավոր է Եվրոպական դատարան դիմել,  եւ այդ դեպքում մեր կառավարությունը ստիպված կլինի որպես երրորդ կողմ ներգրավվել գործընթացում, ու մենք կփորձենք վերականգնել տուժածների իրավունքները»:

Անցած շաբաթ Ադրբեջանը մի շարք դիվերսիոն գործողություններ էր իրականացրել, որի արդյունքում զոհեր եւ վիրավորներ եղան: Ադրբեջանական կողմից  հունիսի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի արդյունքում  երկու հայ զինծառյողների մահվան եւ  հինգի վիրավորման  փաստով քրեական գործ է հարուցվել: Եւս մեկ քրեական գործ հարուցվել էր Բերդավանի ուղղությամբ հունիսի 5-ին իրականացված դիվերսիայի արդյունքում մեկ սպայի մահվան եւ զինծառայողի վիրավորման փաստով:

Հունիսի 1-ին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում  վիրավորվել էր իր այգում աշխատող, Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վաչիկ Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ