News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միջազգային քաղաքական որոշ  կենտրոնների կողմից Հայաստանում զանգվածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հավանություն տալը նշանակում էր, որ նույն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրված վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Կեղծված ընտրություններից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Եւրոպայից եւ ԱՄՆ-ից շտապեցին հայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ «նոր մոտեցումների» ցանկալիության, անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին, ակնարկելով նաեւ այդ մոտեցումների «նորարարության» բովանդակությունը` այն է մեկ-երկու ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եվրոպական դիվանագիտական ողջ խորիմաստությունն ու նորամուծությունը սահմանափակվում է դեռեւս չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնությամբ: Երեւի, սույն պահանջներն առավել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնությունները զուգորդվում են բառի բուն իմաստով «մահաբեր դիվանագիտությամբ», երբ տարածաշրջան կատարվող պաշտոնական յուրաքանչյուր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարվածության կտրուկ աճի եւ մարդկային զոհերի:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվության ու պատմական տարածքի հաշվին պատրաստվող ցանկացած գործարքի փորձ եւ հայտարարում է, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու այդպիսի դավադրությունների իրականացում:

Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարության, անսկզբունքայնության ու թուլության հետեւանքով: Մինչդեռ Ցեղասպանության ու հայրենազրկման դժոխքային պատմություն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականությունը պետք է կառուցի Ցեղասպանության բազմաթիվ հետեւանքների վերացման սկզբունքի հիման վրա:

Հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած հերթական բախումներն ապացուցում են որեւէ տարածքային զիջումների անթույլտրելիությունն ու նման պահանջների հեղինակների հանցավոր նպատակները:

Եթե առկա «ստատուս քվոյի» եւ համեմատաբար պաշտպանված սահմանային գծի պայմաններում հնարավոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ եւ դիվերսիոն խմբերի հարձակումներ, ապա դժվար չէ պատկերացնել թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կունենա շփման գծի ընդլայնումը որեւէ տարածքային հետնահանջի դեպքում:

Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակա չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրվակով՝  ո՛չ մի օտարեկրյա զինվորի ոտքը չպետք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժե հայ զինվորի արյան մի կաթիլը»:

Տպել
Ամենաշատ