News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հունիսի 10-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին, ում ուղեկցել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի:

Գարեգին Բ-ն հյուրին ներկայացրել է Հայ եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ է կատարվել խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաեւ Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին:

Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին` Գարեգին Բ-ն արձանագրել է, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետե ավելի են սերտանում ու ամրապնդվում: Նա վստահություն է հայտնել, որ նմանատիպ այցելությունները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողությանը եւ արդյունավետ համագործակցության ձեւավորմանը:

Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծել է գերմանահայ համայնքի կյանքում Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարությունը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլեւ մշակույթի ու կրթության ոլորտներում:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Գարեգին Բ-ն իր մտահոգությունն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետեւանքով վերջին օրերին արձանագրված ցավալի միջադեպերի կապակցությամբ` կարեւոր նկատելով, որ այս առնչությամբ միջազգային հանրությունը վճռական ձայն հնչեցնի եւ հակամարտությունը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ