News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաեւ իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ ասուլիսում:

Մեկնաբանելով Թուրքիայի արտաքգործնախարարի հայտարարությունը, թե ինքը մտահոգված է վերջին միջադեպերի արդյունքում միայն ադրբեջանցի զինվորների կորստից, Նալբանդյանը նկատեց, որ նման հայտարարություններից ռասիստական հոտ է գալիս:

« Երբեւէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններով»,-ասաց նա:

Նալբանդյանի խոսքով, այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը եւ կոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները, փաստորեն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները:

« Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաեւ մերժում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկները, թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա եւ ձեւացնում է, թե իբրեւ տեղյակ չէ, թե ում պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանում՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հարցում»,-նշեց Նալբանդյանը:

Նրա խոսքով, 20 տարի առաջ, երբ Հայաստանը դեմ չեղավ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը որպես անդամ, որոշ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան անաչառ կլինի եւ կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: «Բայց ինչպես 20 տարիները ցույց տվեցին, Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաեւ իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին: Հարց է առաջանում. արդյոք համատեղելի է Թուրքիայի նմանատիպ կեցվածքը Մինսկի խմբի անդամ լինելու հետ»,- ասել է նախարարը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ