News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է պտուղբանջարեղենային պահածոներ, ապակյա տարաներ եւ կափարիչներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Խորհրդակցության առիթը ապակյա տարաներ արտադրող ընկերությունների կողմից արտադրության դադարեցումն էր:

«Մթերման հիմնական գործընթացը չի սկսվել: Եթե այսպես շարունակվի, կունենանք լուրջ խնդիրներ մթերման շղթայում: Հիմնական սեզոնը կսկսվի 10-15 օրից, իսկ պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի»,-ասել է Սերգո Կարապետյանը, նկատելով, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար:

Ապակյա տարաների արտադրությամբ զբաղվող «Գլաս ուորլդ քամփնի» ընկերության  ներկայացուցիչը հաստատել է, որ տեղական արտադրողի համար տարաներ չեն կարող արտադրել, իրենց արտադրանքը արտահանվում է Վրաստան` ապակյա տարաներ արտադրելով «Բորժոմիի» պատվերով: Սրանով պայմանավորված ոլորտում համեմատաբար խոշոր ընկերություն համարվող «Գլաս ուորլդ քամփնին»  ներքին շուկայի պահանջարկը մինչեւ օգոստոսի սկիզբ չի կարող բավարարել:

Խորհրդակցությանը մասնակցող մեկ այլ` «Սարանիստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն էլ իրենց կողմից ապակյա տարաների արտադրանքի դադարեցումը հիմնավորել է ընկերության վերազինմամբ` նշելով, որ հաջորդ տարի միայն կկարողանան տալ արտադրանք:

«Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը»,-նշել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը` խորհրդակցության մասնակիցներին առաջարկելով մեկ - երկու օրվա ընթացքում ներկայացնել արտադրության վերսկսման եւ իրավիճակի կարգավորման համար ձեռնակվող քայլերի մասին տեղեկատվություն` ապակյա տարաների ներքին շուկայի պահանջարկը առաջնահերթ կերպով բավարարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ