News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամռան ամիսներին Հայաստանից Վրաստան զբոսաշրջիկների հսկայական հոսք է սկսվում։ Հայաստանցիներին ոչ միայն գրավում է Վրաստանի ծովափնյա շրջաններում հանգստանալու հնարավորությունը, այլեւ Վրաստանում արդեն կայացած պետական ծառայությունների բարեկրթությունն ու անկաշառությունը։ NEWS.am-ը այս կապակցությամբ հարցում է կատարել այցելուների շրջանում։

Հարցվածներից Արմենը նշեց, որ նոր է վերադարձել Բաթումից, ու պատմեց, որ չնայած մի քանի անգամ ճանապարհներին խախտումներ է թույլ տվել, սակայն վրացի ոստիկանները ներողամտաբար են մոտեցել հարցին։ «Մի անգամ թույլատրված արագություն գերազանցեցի, մարդիկ պարզապես կանգնեցրին ու զգուշացրին։ Մյուս անգամ չթույլատրված տեղում էի մեքենան կանգնեցրել։ Ավտոտեսուչն էլ մոտեցել էր մեքենային ու վրացերեն հայտարարում էր, որ մոտենամ եւ հեռացնեմ, բայց ես վրացերեն չգիտեի։ Պատահաբար հյուրանոցից դուրս եկա, ու տեսա որ բարձրախոսով ոստիկանները ինչ-որ բան են հայտարարում։ Հանկարծ լսեցի, որ մեքենայիս մակնիշն են ասում, մոտեցա նրանց` արդեն մտածելով, որ տուգանվելու եմ։ Բայց նրանք պարզապես խնդրեցին, որ մեքենան հեռացնեմ արգելված վայրից։ Հետո իմացա, որ մի 10 րոպե ոստիկանները բարձրախոսով ինձ են կանչել։

Եթե Հայաստանում նման բան պատահեր, «ներում բեկում» չէր լինի։ Օրինակ՝ մի քանի օր առաջ Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկում վրացական համարներով ավտոմեքենան Մատենադարանի կողմից գալուց Ֆրանսիայի հրապարակից ձախ էր թեքվել Սայաթ-Նովա։ Հիմա մարդ է, հնարավոր է չի իմացել։ Առանց չափազանցության ՃՈ 5 մեքենայով շրջապատել էին խեղճին, ու երեւի մի 50 հազարանոց ակտ կգրեին։ Ես դեմ չեմ, որ խախտումի դեպքում վարորդին պետք է տուգանեն, բայց Հայաստանում տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանը դարանակալած սպասում է, երբ ես խախտում անելու, որ «հարձակվի» ու տուգանի, փոխանակ առաջին հերթին մտածի, որ վարորդին օգնի։

Եթե ուշադիր լինեք, հենց Երեւանում խցանում է առաջանում, ոստիկանների հետքը կորում է, «խոշորացույցով փնտրես չես գտնի»։ Բայց պարզ է չէ, որ հենց դա է իրենց աշխատանքը՝ կանոնակարգել երթեւեկությունը, ոչ թե «ակտ գրել» ու տոկոս գրանցել կամ էլ շաբաթվա պլանը կատարել,- նշեց Արմենը։

Հարցվածներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, նոր էր վերադարձել ու մեքենա է ներկրել Վրաստանից հիացմունքով պատմում էր Փոթիի մաքսային տերմինալի աշխատակիցների սպասարկման բարձր մակարդակի մասին։

«Նախ նշեմ, որ տերմինալում կային Վրաստանում ներկայացված գրեթե բոլոր բանկերը։ Թղթաբանական ձեւակերպումները տեւել է բառացիորեն 5 րոպե։ Մաքսային ձեւակերպումները իրականացնում էին գեղեցիկ կանայք, ովքեր խոսում էին թե անգլերեն եւ թե ռուսերեն։ Մի խոսքով` արագ ու կիրթ սպասարկման արդյունքում տերմինալից մեքենայի դուրս բերելը տեւեց 15 րոպե։ Ու ոչ մեկը նույնիսկ թեթեւ ակնարկ չարեց, թե «ախպեր, նոր ավտո ես բերել, բա մաղարիչ չե՞ս ուզում անես»։ Վրաստանից Հայաստան անցա թե չէ, հասկացա, որ հատել եմ Եվրոպա-Ասիա սահմանը։ Բագրատաշենի սահմանակետում այնքան մեքենա էր կուտակվել, որ հերթը հասել էր մինչեւ վրացական սահմանի անցակետին։ Վրացիներն էլ ստիպված իրենց կողմից անցակետից մեքենաներ չէին բաց թողնում, որ հայ կոլեգաների անիմաստ կուտակած հերթը մի քիչ պակասի»,- պատմեց զրուցակիցը՝ վրդովված նշելով, որ հերթի գոյացման համար որեւէ իրական պատճառ չկար։

«Ինչ-որ կերպ կհասկանայի, եթե ասենք մեքենաները զննեին, կամ նման մի բան, բայց դա էլ չկար։ Պարզապես անկազմակերպ աշխատանքի պատճառ էր։ Ի դեպ, այդ հերթի մեջ կանգնած էինք, երբ մի քանի շքեղ մոտ 80-100 հազար դոլար արժողությամբ հայկական համարներով մեքենաներ, մուտք գործեցին Վրաստանից, մտան հանդիպակաց ճանապարհ, որ հերթը շրջանցեն, ու արտոնյալ կարգով անցան։ Վստահ եմ, Վրաստանում նման բան չի կարող լինել։ Իսկ եթե վրացի մաքսավորներն ու սահմանապահները նման հերթեր գոյացնեն, ապա այնտեղի վարորդները ձեռքները կդնեն մեքենայի ազդանշանին, ու այնքան «սիգնալ» կտան, մինչեւ արագ սպասարկեն»,- ասաց նա։

Մեկ այլ զբոսաշրջիկ-վարորդ՝ Կարենը, Վրաստանից վերադարձել է օրերս։

«Վրաստանի ճանապարհներից հետո Հայաստանում չեմ ցանկանում մեքենա վարել։ Երկու տարվա ընթացքում այնտեղ այնպիսի ասֆալտ են արել, կարծես Եվրոպայի ճանապարհները լինեն։ Խոսքս հիմնական բետոնի մայրուղու մասին չէ։ Վրացական գյուղերում էլ ընտիր ասֆալտապատում է արված, իսկ լուսաֆորները ավելի լավն են, քան Երեւանի կենտրոնում տեղադրվածները։ Հիմա հարց է առաջանում, Հայաստանի վարորդներն էլ հարկեր են վճարում, խախտումների ակտեր են մուծում, մեքենայի գույքահարկ են մուծում, մեքենայի մաքսազերծումն էլ մի երկու երեք անգամ շատ են վճարում, քան վրացիներն իրենց պետությունում, հետեւաբար ո՞ւր են այդ մուծած գումարները, որոնցով պետք է ճանապարհ ասֆալտեն ու ճանապարհային ժամանակակից նշաններ տեղադրեն»,- ասաց Կարենը՝ հավելելով, որ Վրաստանում՝ Բաթումում, ազգականներ ունի, եւ շուտով պատրաստվում է վաճառել Երեւանի բնակարանը ու տեղափոխվել Բաթում։

«Անկեղծ ասեմ, ես միջին գործարար եմ, ու ցանկանում եմ բիզնեսս ընդլայնել, բայց Հայաստանում պետական չինովնիկների շրջանում տիրող բարքերը, դրանց մինչեւ հոգու խորքը կոռումպացված հոգեբանությունը ինձ արդեն հիասթափեցրել ու զզվեցրել են ամբողջությամբ։ Ցանկանում եմ մեկնել, որ երեխաներս օրինապահ պետությունում ու հասարակությունում մեծանան ու ապագա ունենան»,- եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ