News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արագացումը ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների պատրաստակամությունը խաղաղության, որը վերջինիս դեպքում չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է  իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա` հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորմանը եւ մաքսիմալիստական դիրքորոշումներ չունի, ինչպես դա անում է Ադրբեջանը:

«Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Մենք պատրաստ ենք խոսել, երկխոսություն անցկացնել, քննարկել: Լեռնային Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - ընդգծել է Սահակյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Սահակյանը նշել է, որ այն կառուցողական չէ: «Ադրբեջանական կողմը միշտ սրացնում է լարվածությունը սահմանին, ելույթ է ունենում սպառնալիքներով: Ես եղել եմ Բաքվում, իմ աչքերով եմ տեսել ադրբեջանական հասարակությունը, այն պատրաստ չէ խաղաղության: Նման ժողովուրդը միշտ էլ դժգոհ կլինի ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծումից, եւ նման ժողովուրդ է աճեցրել Ալիեւյան կլանը:

Մինչդեռ, երբ ադրբեջանական պատվիրակությունը  «Եվրոնեստի» կազմում Երեւանում էր, նրանք այստեղ ազատ զբոսնում էին: Թիկնապահները, թեպետ ուղեկցում էին նրանց,  իրականում նրանց պետք չէին, այստեղ ագրեսիա չկա», - ընդգծել է Սահակյանը:

Սահակյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է  ավելի շատ ուշադրություն դարձնի  հիմնախնդրի սրմանը, ռազմական գործողությունների սկսմանը, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել կողմերին արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:  «Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կատարել պարտականությունները եւ արագացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` ղեկավարվելով Հելսինկյան համաձայնագրի սկզբունքներով: Ռազմական ուժի կիրառումը հիմնախնդրի լուծմանը չի հանգեցնի», - նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ