Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը զգուշավոր խոստումների եւ վիրտուալ ցանկությունների շարք է: Այդ մասին, այսօր` հունիսի 21-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նա մասնավորպես խոսեց բնապահպանական խնդիրների եւ բնական պաշարների օգտագործման մասին, նշելով , որ կառավարությունը խախտում է Սահմանադրությունը մսխելով Հայաստանի բնական պաշարները, հետեւաբար ինքը չի ցանկանում պատասխանատվություն կրել ձախողված ծրագրերի համար եւ դեմ է քվեարկելու ծրագրին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար լեւոն Զուրաբյանն իր հերթին նշել է, որ այս ծրագիրը կառավարության վստահության հարցն է եւ հարց ուղղեց, թե արդյոք մենք կարո՞ղ ենք վստահել այս կառավարությանը: Նրա խոսքով, մի քանի նախարար է փոխվել այն էլ այն պատճառով, որ ԲՀԿ-ն դուրս է մնացել կոալիցիայից: Ավելին` նախարար է դարձել Գագիկ Բեգլարյանը, ում ավելի վաղ Սերժ Սարգսյանը հանել էր իր աշխատակազմի աշխատակցին ծեծի ենթարկելու համար:
«Արդյոք մի կառավարությունը, որը հօգուտ իրեն կեղծել է 500-700 հազար ձայն, հաշվետո՞ւ է լինելու ժողովրդի առաջ: Ոչ: Հաշվետու է լինելու միայն ընտրակեղծարաներին եւ օլիգարխներին: Կարելի՞ է վստահել մի կառավարության, որը 200 մլրդ է գողացել սեփական ժողովրդից վերջին 4 տարիների ընթացքում»,-նշել է Լեւոն Զուրաբյանը:
Իր խոսքի վերջում նա կոչ է արել հունիսի 26-ին գալ Ազատության հրապարակ` ՀԱԿ-ի հանրահավաքին: «Մենք էլ կարծում էինք, թե դուք այս ամբիոնը կօգտագործեք, բայց դուք կրկին հանրահավաքի կոչ եք հնչեցնում»,- Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը այս օրերին քննարկում է Հայաստանի կառավարության ներկայացրած 2012-2017թթ ծրագիրը: