News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արմավիա» ավիաընկերության Սոչի-Երեւան թիվ 968 չվերթի ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է առանց պատճառները նշելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է տվյալ չվերթի ուղեւորուհի, աբխազական «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակից Անահիտ Գոգորյանը:

Նա նշել է, թե թռիչքը նախատեսված էր տեղական ժամանակով ժամը 14:45-ին, սակայն նախ ուղեւորներին հայտնել են, որ չվերթը հետաձգվում է մինչեւ 15:30, ապա եւ ընդհանրապես հետաձգել են մինչեւ հունիսի 22-ը, ժամը 07:00-ն:

«Մենք մոտ 30 մարդ էինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ, որ ուղեւորվում ենք Երեւան: Այն մասին, որ չվերթը հետաձգվում է, մեզ հայտնեցին Սոչիի օդանավակայանի տեղեկատուից` նշելով, որ դա «Արմավիա» ավիաընկերության որոշումն է: Պատճառները չեն պարզաբանել»,- նկատել է Գոգորյանը:

Լրագրողուհին ընդգծել է, թե ուղեւորները, որ առանց այդ էլ մեկ-մեկուկես ժամ առաջ էին եկել օդանավակայան, լիակատար տարակուսանքի մեջ են եղել: «Արմավիայի» ներկայացուցիչ Արթուր Իսախանյանը չկար, որեւէ պարզաբանում չի տրվել:

Օդանավակայանի աշխատակցուհի Վալենտինա Կալինովսկայան մի քանի անգամ զանգահարել է նրան, սակայն նա չի ժամանել: Մոտ 2 ժամ անց, երեկոյան ժամը 5-ի սահմաններում հայտնվել է ոմն Վարուժան Ոսկանյան, ով ներկայացել է որպես «Արմավիայի» նախկին ներկայացուցիչ, եւ հայտնել է, որ չվերթը հետաձգվել է Երեւանում ինքնաթիռի անսարքության պատճառով, եւ այժմ սպասում են երրորդ երկրից այլ ինքնաթիռի ժամանմանը»,- նշել է ուղեւորուհին:

Նրա խոսքով, «Արմավիան» չի ապահովել ուղեւորներին ջրով եւ սնունդով, հոգ չի տարել նրանց հյուրանոցում տեղավորելու մասին: «Արմավիայի» նախկին ներկայացուցիչը սպասողների ներկայությամբ մի քանի զանգ է արել, ինչից հետո 10 կանանց եւ երեխաների տեղավորել են տեղական մասնավոր հյուրանոցում, ընդ որում տղամարդը նշել է, թե հյուրանոցի համար վճարում է ոչ թե «Արմավիան», այլ` բացակայող Արթուր Իսախանյանը` սեփական միջոցներից:

Միաժամանակ այլ տեղեկատվություն չի ստացվել: Դրա փոխարեն տեղեկատուից հայտնել են, որ «Արմավիայի» չվերթների հետ հաճախ են նման դեպքեր, հետաձգումներ լինում:

Անահիտ Գոգորյանն ընդգծեց, թե Երեւան էր ժամանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (Institute for War and Peace Reporting - IWPR) կազմակերպած գիտաժողովին: Նա հույս հայտնեց, որ թեեւ ֆիզիկապես կհասցնի մասնակցել միջոցառմանը, բայց նման միջադեպերը տհաճ տպավորություն է թողնում: Նա նաեւ երախտագիտություն հայտնեց Վարուժան Ոսկանյանին, ով թեեւ լիազոր անձ չէ, սակայն գոնե տեղեկություններ հայտնեց եւ հոգ տարավ ծանր վիճակում հայտնված մարդկանց մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ