Եթե դատաիրավական բարեփոխումների առաջին փուլում առկա էր դատարանակազմության, դատավարական օրենսգրքեր ունենալու խնդիր, ապա այս փուլում, բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են պետական մեխանիզմին առավել արդյունավետ աշխատելուն, կլուծվեն առաջիկա չորս տարում: Այդ մասին, այսօր` հունիսի 21-ին, հանրապետության նախագահի մոտ կայացած դատաիրավական բարեփոխումների ծրագրի քննարկման ավարտից հետո ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ըստ նրա` այս ծրագիրը որոշակիորեն տարբերվում է նախորդից ընդգրկվածությամբ: «Եթե դատաիրավական բարեփոխումները նախկինում առնչվում էին բացառապես դատարաններին ու դատաիրավական օրենսգրքերին, ապա այս անգամ դրան ավելացել է նյութական իրավունքի բազան` Քրեական օրենսգիրք, Քաղաքացիական օրենսգիրք, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք եւ սրան հավելվում է փաստաբանություն, դատախազություն, քրեակատարողական ծառայություն, նոտարիատ, անգամ իրավաբանական կրթությունը: Ծրագրում մատնանշվում են այն խնդիրները, ուղղությունները եւ միջոցառումների ցանկը, որը այս ժամանակահատվածում պետք է կատարվեն»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ ծրագրի, այս մեկը չորս տարվա ծրագիր է եւ հետապնդում է ավելի հեռահար նպատակներ. «Ծրագրի ավարտին հնարավոր կլինի ձերբազատվել բյուրոկրատական քաշքշուկներից, որոնց հետ առնչվում է քաղաքացին: Պետության կողմից մատուցվող ծառայությունների 80-90 տոկոսը մտուցվելու է մեկ օրվա ընթացքում` մեկ պատուհանի սկզբունքով, կամ առցանց»: