News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին եւ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից այդ ընտրություններին տրված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ հատկապես Ադրբեջանի կողմից հունիսին Հայաստանի սահմանների վրա, ինչպես նաեւ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած սադրանքներին ու զինադադարի խախտումներին, ինչպես նաեւ ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական եւ անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը եւ առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:

Այնուհետեւ ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարեւորեցին Հայաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասկացության համար, դրական գնահատական տվեցին պաշտպանական, ինչպես նաեւ քաղաքական բարեփոխումներին, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին: Որպես քաղաքական երկխոսության առաջընթաց գնահատվեց մարտի 6-ին ՀՀ Նախագահի՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, պատվիրակները վերահաստատեցին իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական ` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին

Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ