ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում կրկին անդրադարձել են Հայաստանի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Լիագումար նիստի մեկնարկից առաջ կայացել է ԵԽԽՎ Բյուրոյի նիստ, որտեղ Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրեաս Հերկելը հերքել է իրեն վերագրվող հայտարարությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, նախկին Բյուրոյի սղագրության մեջ սխալ էր սպրդել: «Նշվել էր, իբր Հերկելն ականատես է եղել բազմակի քվեարկությունների: Այսօր նա ճշտում մտցրեց, որ իր խոսքը սխալ է ընկալվել: Ընդամենը ասել է, որ ականատես չի եղել բազմակի քվեարկության եւ ուղղակի խախտումների, սակայն մտահոգություն է հայտնել, որ կնիքները, քանի որ չեն աշխատել նախատեսվածի պես, առաջացրել են ոմանց մտահոգությունը, որ բազմակի քվեարկություններ կարող են լինել»,- նշեց Հարությունյանը:
Նշենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանի շրջանակներում կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Դավիթ Հարությունյանի խոսքով, այսօր նման հանդիպում դեռ նախատեսված չէ: «Սակայն կարծում եմ` նստաշրջանի ընթացքում կլինեն հանդիպում Մինյոնի հետ: Քաղաքական քննարկումներ կլինեն Լեռնային Ղարաբաղի հարցով»,- նկատեց նա: